Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Հանդիպման մեկնարկին Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
Մարզպետը խնդրով մտահոգ շիրակցիներին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը կայցելի Շիրակի մարզ և որ խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները։