«Մարդ-երաժշտություն», «մարդ-հանճար»՝ ժամանակին այսպես էին անվանում մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին: Այս տարի լրանում է նրա ծննդյան 100-ամյակը:
Արդեն մի քանի օր է՝ Երևանի բացօթյա տարածքներում Բաբաջանյան են լսում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպել է մաեստրոյի 100-ամյակին նվիրված համերգաշար:
Արսեն Ստեփանյան (տենոր) - Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների մասին, որ ասում են՝ или хорошo, или никак, փառահեռ գործեր են, ամեն հայ պետք է իմանա: Վստահ եմ՝ դեռ նորանոր սերունդներ այս երգերով իրենց կհարստացնեն:
Ֆիլhարմոնիան հոբելյանական տարին սկսեց՝ Բաբաջանյանի ծննդյան օրը նշելով: Համաճարակն ու հետպատերազմական վիճակը խանգարեցին բոլոր ծրագրերն իրականացնելուն: Այժմ սկսում են նոր ռիթմով: «Բաբաջանյանը՝ Երևանում» խորագրով համերգների շարքն անցկացվում է մայրաքաղաքի հինգ վարչական շրջաններում:
Արմեն Մանասյան (Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր) - Կլինեն անակնկալներ, խաղարկություններ: Մեր ունկնդիրները հնարավորություն կունենան շահելու «Բաբաջանյան» համերգասրահում հուլիս ամսին տեղի ունեցող համերգների տոմսեր:
Ծրագրերն այսպես չեն ավարտվի, կլինեն այլ անակնկալներ:
Արտյոմ Նաղդյան (Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն) - Տարվա ընթացքում պլանավորում ենք շատ միջոցառումներ նախարարության հետ համատեղ: Ես հիմա փակագծերը չեմ բացի, բայց հանդիսատեսը կարող է սպասել մեծ համերգների Երևանում, Հայաստանում և Հայաստանից դուրս:
«Առնո Բաբաջանյան հիմնադրամի» նախագահ Վահե Ստեփանյանն ասում է՝ երկրում հետպատերազմական համաճարակային վիճակը հասկանալի է, բայց ակնկալում էին 100-ամյակին պետական աջակցություն ստանալ:
Վահե Ստեփանյան («Առնո Բաբաջանյան հիշատակի հիմնադրամի» նախագահ) - Նման տաղանդավոր, ազգը ներկայացնող նվիրյալի 100-ամյակը, իմ կարծիքով, պետք է նշվեր ավելի նշանակալից, ավելի հնչեղ:
Համերգների ընթացքում հիմնականում Բաբաջանյանի էստրադային երգերի կատարումներն են: Դրանք մայրաքաղաքի բացօթյա տարածքներում կլսվեն մինչև հուլիսի 9-ը: Կոմպոզիտորի հոբելյանը նշվելու է նաև Մոսկվայում՝ Կրեմլի պալատում՝ ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
Հեղինակ՝ Անի Ավագյան