Դուդուկը փոխեց նրա կյանքը, նա՝ իր վիրտուոզ նվագով, փոխեց ընկալումներն ու վերբերմունքն աշխարհում ոչ միայն ծիրանափողի, այլև հայկական երաժշտության հանդեպ:
Ջիվան Գասպարյան - Իմ հանդիպումներն ունկնդիրների հետ տեղի են ունեցել ամենուր՝ լեռներում ու շոգ այգիներում, յայլաներում ու մեծ համերգասրահներում: Որոշ ժամանակից ի վեր ինձ թվում է, որ աստվածային երաժշտությունը ծնվում է ոչ թե երկնքում, այլ այստեղ՝ երկրի վրա, որովհետև այն ամենը, ինչ հատուկ է իմ նվագած երաժշտության ոգուն, խիստ երկրային է:
Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին, մեծացել՝ որբանոցում: Առանց որևէ տեղ սովորելու փոքրիկ տղան 6 տարեկանում դուդուկն իր ձեռքն առավ ու վայր չդրեց:
Վարպետի համոզմամբ՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ծնվեց այն օրը, երբ Կրեմլում նվագեց Իոսիֆ Ստալինի առջև ու անձամբ նրա խրախուսանքին արժանացավ՝ «Պոբեդա» ժամացույց նվեր ստանալով: 1949-ին, երբ դեռ նոտաները կարդալ չգիտեր, միացավ Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլին, ու այդ օրից դուդուկն սկսեց մեծ բեմեր նվաճել:
Ջիվան Գասպարյան - Այդ անսամբլում են անցել իմ կյանքի լավագույն օրերը: Այնտեղ շատ բան սովորեցի և կազմավորվեցի որպես երաժիշտ: Անսամբլի հետ շրջել եմ Հայաստանի բոլոր քաղաքաներն ու գյուղերը, և համերգներն ինձ ներշնչեցին միտքը, որ ես պետք եմ մարդկանց:
30-ից ավելի ֆիլմերում՝ հայկական, ֆրանսիական, իտալական, գերմանական, ռուսական ու ամերիկյան, գասպարյանական դուդուկն է՝ հիմնականում իմպրովիզներ:
Ջիվան Գասպարյան - Շատ հետաքրքիր օրեր եմ անցկացրել աշխարհի ամենալավ մարդկանց, երաժիշտների հետ:
Երաժշտական այս գործիքը Գասպարյանն 80-ականներին մտցրեց համաշխարհային կինեմատոգրաֆ, դուդուկի դյութիչ հնչյունները գերեցին բոլորին: Նրա նվագը տեղ գտավ Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» և Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմերում: Վերջինի սաունդթրեքը 2002-ին ներկայացվեց «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի:
Ջիվան Գասպարյան - Քո ապրած կյանքը քո պատմությունն է, երեկվա կյանքն իմ պատմությունն է, այսօրվա կյանքը Աստծու տված նվերն է, իսկ վաղվա կյանքը մարդ չգիտի՝ ինչ կլինի:
75 տարվա պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում հայկական երաժշտարվեստի լեգենդը թողարկել է 20 ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել շուրջ 20 հազար համերգներում: Իր մեծագույն երազանքը բարեգործական դպրոց հիմնելն էր, որը շնորհ ունեցող երեխաների համար հարթակ կդառնա՝ հետագայում իր հետքերով մեծ բեմեր նվաճելու:
Ջիվան Գասպարյան - Ամեն ինչ արել եմ, մնում է մի բան, որ ես այդ դպրոցը սարքեմ, և երեխաներին դաստիարակեմ ճիշտ ձևով, որ պանիխիդա նվագելու փոխարեն արտիստ դառնան:
Նա իր ծիրանափողով Հայաստանին բերեց համաշխարհային ճանաչում և ապացուցեց, որ լավ արված գործը միշտ արժանի գնահատական է ստանում: