Համավարակը և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն է թողել կրթության ոլորտի վրա: Փորձագետների գնահատմամբ՝ մի կողմից՝ դասախոսներն ու ուսանողները հեռավար կրթության ընթացքում ձեռք են բերել թվային նոր գործիքակազմին տիրապետելու հմտություններ: Մյուս կողմից՝ ամբողջական գիտելիքի փոխանցումը արդյունավետ չի եղել: Վերլուծել, եզրակացրել են՝ սովորելու մոտիվացիան և դասերին մասնակցելու հաճախականությունը բավականին ցածր են եղել:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Ամեն դեպքում անմիջական շփումը մեզ պետք է, և եթե սեպտեմբերին էլ հեռավար լինի, շատ վատ արդյունքներ կարող ենք ունենալ, և բարձրագույն կրթությունը շատ վատ վիճակում կհայտնվի:
Կրթության փորձագետն առաջարկում է ներդնել 4+1 ուսուցման մոդելը: Այսինքն՝ 4 օր առկա, մեկ օր՝ հեռավար: Ոլորտը հետազոտող Միշա Թադևոսյանն էլ կարծում է՝ պետք է հստակեցնել կրթական պատվերը: Բարձրագույն կրթության քաղաքականությունը պետք է այնպես մշակել, որ համապատասխան լինի հետպատերազմյան երկրի բնակչությանը: Որոշ ուսանողներ սոցիական ներառման, հաշմանդամության, սոցիալ-հոգեբանական խնդիրներ են ունենալու:
Միշա Թադևոսյան (կրթության ոլորտի հետազոտող) - Արդյոք մենք հետևությո՞ւն ենք արել, որ հաջորդիվ իքս, իքս ոլորտներում մասնագետներ պատրաստելու և պետական բյուջեից բուհերին ֆինանսավորելու են հենց այդ նպատակով, և փոխարինելու ենք ստանդարտ գործընթացները, որոնք մինչև պատերազմական վիճակն էին:
Կրթությունն ու գիտությունը պետք է միաժամանակ առաջ շարժվեն: Տիգրան Շահվերդյանի դիտարկմամբ՝ կենսական խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում գիտական ենթակառուցվածքները չեն համապատասխանում երկրի առջև ծառացած խնդիրներին: Պնդում է՝ առանց գիտության հնարավոր չէ զարգացնել կրթությունը: Վերջին 30 տարում խոսվում է միայն կրթության զարգացման, չափորոշիչների մասին, բայց անդրադարձ չի լինում գիտության զարգացմանը:
Տիգրան Շահվերդյան - Մենք միշտ խոսում ենք, որ առանց կրթության չենք կարող ունենալ գիտություն, բայց 30 տարի գրեթե չեմ հիշում, որ մենք քննարկած լինենք, որ առանց գիտության չենք կարող ունենալ կրթություն, և միշտ միակողմանի է եղել մեր խոսակցությունը:
Կրթության ոլորտում կոռուպցիոն սխեմաների մասին՝ նվազե՞լ են, թե՞ դրանց մեխանիզմներն են փոխվել: Հետազոտել և արձանագրել են՝ ընդունելության քննություններին կոռուպցիոն ռիսկերը զգալի նվազել են, թեստերը ստուգում է համակարգիչը: Սակայն բուհ ընդունվելը հեշտացել է՝ անցողիկ միավորը բավականին իջեցվել է, և ամենացածր դրական միավորով կարելի է սովորել: Ոչ ոքի չեն մեղադրում. մասնագիտություններ կան, որտեղ դիմորդներ գրեթե չկան:
Սերոբ Խաչատրյան - Ի վերջո, գնալու ենք դրան, որ բուհերը սահմանեն ընդունելության շեմ, Հայաստանի բուհերը ո՛չ քննություններին են մասնակցում ընդունելության, ո՛չ էլ պրոցեսին, և բուհը ստանում է իր դիմորդին առանց պրոցեսի:
Մասնագետները միակարծիք են՝ պատերազմից, համավարակից հետո պետք է հասկանալ՝ ի՛նչ ուղղությամբ զարգացնել կրթության և գիտության ոլորտը՝ գործընթացին մասնակից բոլորի համար արդյունավետ ճանապարհ հարթելու համար: