Իրանի խորհրդարանի հետազոտությունների կենտրոնը «Ղարաբաղի ճգնաժամից հետո Հայաստանի և Իրանի միջև տնտեսական դիվանագիտության ամրապնդման ուղիները» թեմայով զեկույց է պատրաստել:
Զեկույցում նշված է, որ չնայած Հայաստանի տնտեսությունը փոքր է, սակայն չպետք է անտեսել դրա հնարավորությունները՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ երկարամյա կայուն և առանց լարվածության քաղաքական հարաբերությունները:
Նշված է, որ Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար լավ հնարավորություն են Հայաստանում թուրքական ապրանքների արգելքն ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը: Հայ-իրանական առևտրային և տնտեսական կարողությունների օգտագործման համար զեկույցի հեղինակներն առաջարկում են նվազագույնը 20-ամյա համագործակցության հուշագիր ստորագրել, որը Հայաստանում թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հիմքեր կստեղծի:
Զեկույցում նշված է, որ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումների ֆոնին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու առևտրաշրջանառության աճը Անկարային և Բաքվին ուղերձ կլինի առ այն, որ հայ-իրանական սահմանն Իրանի համար շատ կարևոր է:
Հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման գործում, ըստ իրանցի փորձագետների, մեծ ներդրում կարող են ունենալ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը, առևտրի պալատը, ազատ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը, բանկային համակարգի խնդիրների լուծումը և այլն:
Հեղինակները նշում են, որ առևտուրը միակողմանի չպետք է լինի, և Իրանը ևս պետք է հնարավորություն ստեղծի Հայաստանից որոշ ապրանքներ ներկրելու համար, որպեսզի Հայաստանը ևս օգուտներ ունենա: Նրանք ընդգծում են, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ներկրման ծավալները չեն կարող այնքան մեծ լինել, որ վնաս հասցնեն տեղական արտադրությանը: Ըստ հեղինակների՝ չպետք է մոռանալ նաև, որ երբ կորոնավիրուսի համավարակի սկզբում Իրանը բժշկական սպիրտի կարիք ուներ, այն առաջինը Հայաստանից է ներկրվել: