Տաջիկստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտպանության նախարարին հանձնարարել է մոբիլիզացնել 20 հազար պահեստազորայինի՝ Աֆղանստանի հետ սահմանի պաշտպանությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Հանդիպմանը քննարկվել է սահմանամերձ շրջաններում անվտանգության ապահովման և պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողություն են հաստատել Տաջիկստանի հետ 1430 կիլոմետր սահմանագծի ավելի քան 70%-ի նկատմամբ:
Բոլոր օտար ուժերը պետք է դուրս գան Քաբուլի օդանավակայանից, հայտարարել է «Թալիբան» շարժումը: Շարժման խոսնակը լրատվամիջոցներին ասել է, որ խոսքը հատկապես Թուրքիայի ներկայության մասին է: Նա ընդգծել է, որ «Թալիբանը» բոլոր երկրների հետ կունենա լավ հարաբերություն, բայց խստորեն մերժում է ցանկացած օտար ուժի առկայությունն աֆղանական հողում: Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Անկարան պատրաստվում է ստանձնել Քաբուլի օդանավակայանի պաշտպանության ապահովումը:
Ֆրանսիայում կորոնավիրուսի չորրորդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին` հայտարարել է կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ բռնկումը կապված է COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածման հետ: Ֆրանսիայի իշխանությունն անհանգստացած է, քանի որ բնակչության շրջանում պատվաստումների գործընթացը ցանկալի մակարդակում չէ: Պատվաստման երկու դեղաչափ անցել է բնակչության 36 տոկոսը:
Մեծ Բրիտանիան վերջնականապես կհրաժարվի կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումներից՝ ներառյալ սոցիալական հեռավորությունը և դիմակները: Կառավարությունը մտադիր է սահմանափակումները չեղարկել հուլիսի 19-ից: Վարչապետ Բորիս Ջոնսոնն ակնկալում է, որ բոլոր բրիտանացիներն ամբողջությամբ կպատվաստվեն մինչև սեպտեմբերի կեսը: Որոշումը եվրոպական բազմաթիվ երկրների սրտով չէ: Նրանք դիտարկում են Մեծ Բրիտանիայի հետ սահմանը փակելու հավանականությունը՝ կորոնավիրուսի նորահայտ «դելտա» շտամի պատճառով: