Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում կենսաբաններն ուսումնասիրում են գարու, տերևի, գինու, սուրճի թափոնները: Կմշակեն ու այլընտրանքային կիրառության տարբերակներ կառաջարկեն: Օրինակ՝ կենսավառելիք, օրգանական պարարտանյութեր, խմորման ընթացքում նաև օրգանական թթուներ ու տարբեր սպիտակուցներ կստանան: Ուսումնասիրությունն արագ ու ավելի արդյունավետ իրականացնելու համար նոր սարքեր են անհրաժեշտ, ավելի ժամանակակից:
Լիանա Վանյան (կենսաքիմիկ) - Մանրէների աճման համար նախատեսված օնյալն մոնիթորինգ իրականացնող թափահարիչ:
Սարքը շուտով կունենան. երեք թիմակցով միավորվել ու մասնակցել են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթին, պետության կողմից էլ դրամաշնորհ են ստացել:
Լիանա Վանյան - Սա հնարավորություն կտա համաշխարհային գիտությանը համընթաց: Սարքավորումը թույլ կտա, որ մենք մեր հետազոտությունները բարձրացնենք նոր մակարդակի, հեշտացնենք այն և արագ իրականացնենք հետազոտությունները:
Սաթենիկ Միրզոյան (կենսաբանական գիտությունների թեկնածու, կրտսեր գիտաշխատող) - Եկածը ֆինանսավորել է 3 մլն դրամ, բայց մենք մեզ համաֆինանսավորում ենք ներկայացրել: Կօգնի ավելի շատ սարք գնել ու թանկարժեք:
Ձեռք բերվող գիտական սարքերն ու նյութերը պատկանելու են այն գիտական կազմակերպություններին ու բուհին, որտեղ աշխատում են մրցույթին հայտ ներկայացրած գիտնականները: Երիտասարդ գիտաշխատողներին ձեռք մեկնող այս ծրագիրը 2012 թվականից է իրականացվում:
Հայկ Զաքարյան (Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասնագիտական փորձագիտական խորհրդի նախագահ) - Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների խմբերին, որ ձեռք բերեն անհրաժեշտ սարքերն ու նյութերը: Հայաստանում սուղ է այս խնդիրը, երիտասարդները չեն ունենում բավարար սարքավորումներ:
Այս տարի մրցույթին 59 հայտ են ստացել: Հայտերը 7 չափորոշչով են գնահատել: Հաշվի են առել՝ հայտը համաֆինանսավորվելո՞ւ է, թե՞ ոչ, տպագրված հոդվածների քանակը, կոնֆերանսների մասնակցությունը, վերապատրաստումները, շահած դրամաշնորհները, նաև խմբի ղեկավարի գիտական աստիճանը:
Բարդ էր, բայց, այնուամենայնիվ, ընտրություն արել են: Դրամաշնորհ 24 գիտական խմբերի են տրամադրել:
Կփորձեն տարվա ընթացքում հիմնադրամների դիմել ու մյուս 35 խմբի համար էլ գումարներ փնտրել: Վստահ են՝ եթե գիտական խմբերն ակտիվ աշխատեն, գիտությունը մեկ քայլ առաջ կտանեն: