Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։
«Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանն ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։
Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:
Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների, պետական բարձր կոչումների», - նշված է Հայոց Հայրապետի ցավակցական գրության մեջ։
Նորին Սրբությունը հայցել է, որ Ողորմածն Աստված երկնային Իր հանգրվաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հանգուցյալ իր ծառայի՝ Ջիվան Գասպարյանի լույս հոգին և արժանացնի երանավետ հանգստյան: