Հայաստանում վերականգնում են իրաքցի 20-ամյա աղջկա լսողությունը: Վիրահատել է Կալիֆորնիայից ժամանած Ակիրա Իշիաման՝ հայ գործընկերների հետ: Ամերիկյան Յուսելա համալսարանի պրոֆեսորն արդեն 17 տարի գործակցում է հայ մասնագետների հետ: Քիթ-կոկորդ-ականջաբանն այստեղ իրականացրել է 150 վիրահատություն:
Ակիրա Իշիամա, բժիշկ, ԱՄՆ - Միանշանակ, նա կկարողանա լսել: Իմպլանտ տեղադրելու համար վիրահատելու ընթացքում տեսա՝ մի մասն արդեն ոսկրացած է, ստիպված էի ծակել ականջի խխունջը, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարգի բացվածք է:
Ազգությամբ եզդի երիտասարդ աղջկա ականջում իմպլանտ են տեղադրել: Լսողության խնդիրն առաջացել է 5 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էր: Ավարտել է Իրաքի Դհոկ քաղաքի համալսարանը, մասնագիտությամբ ինժեներ է: Հեռավար կրթության շնորհիվ նաև հաջողվել է հաղթահարել հոեգաբանական խնդիրն ու ավարտել բուհը:
Ռագիդա Սուլեյման Մադո, մայրը - 2016-ին էր՝ դժգոհեց լսողությունից, աստիճանաբար նվազեց, որոշ ժամանակ անց ձախ ականջով ընդհանրապես չլսեց արտաքին աշխարհի ձաները:
Անցած տարի, երբ համավարակը տարածվեց, առաջացավ մյուս ականջի խնդիրը: Սարք դրեցին, որի միջոցով կարողանում էր գոնե լսել, 4 ամիս անց գրեթե խլացավ: Մասնագետները հետազոտել, դեղեր են նշանակել, որոնցից աղջկա մարմինն այտուցվել է, ծագել են ալերգիկ խնդիրներ: Ընտանիքն ուղիներ է փնտրել Իրաքից դուրս բուժում գտնելու համար:
Ռագիդա Սուլեյման Մադո - Քանի որ Իրաքում բժշկական տեխնոլոգիաները զարգացած չեն, մտածեցինք ամենամոտը՝ Թուրքիա գնալ, այնտեղ բավական թանկ է, 50 հազար դոլարից ավելի գումար միայն վիրահատությունն ու իմպլանտն են: Դրանից բացի, երեք ամիսը մեկ մոտ տասը հազար դոլարից ավելի գումար էին պահանջում՝ ստուգումների համար: Ի դեպ՝ մեկ ականջի համար: Գերմանիայում էլ 80 հազար եվրո է, նաև վիզայի խնդիր ունեինք: Մեզ օգնեցին «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դինային և պարոն Բաքոյանը:
Հայաստան՝ Էրեբունի բուժկենտրոն տեղափոխելու, նրան վիրահատելու մասին պայմանավորվել է եզդիական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Ռուստամ Բաքոյան, Եզդիական համայնքի ներկայացուցիչ - Նման վիրահատություններն արվում են զարգացած երկրների լավագույն հիվանդանոցներում: Լավագույն բժիշկներն են կարողանում իրականացնել այսպիսի վիրահատություններ: էրեբունի բուժկենտրոնի հիվանդանոցի տնօրենի հետ երբ պայմանավորվեցի, ասաց, որ գալու է Ամերիկայից, անմիջապես դեսպանի միջոցով վիզայի հարցը կարգավորեցինք, երկու-երեք օր անց վիրահատվեց:
Իրաքում բնակվող հայրենակիցներին օգնելու մարդասիրական ծրագիրն առաջիկայում շարունակվելու է: Առողջապահական, կրթական այս գործունեությունը գուցե նաև դրվի ինստիտոցիոնալ հիմքերի վրա: Վարդագույն թևնոցը քույրն է ամրացրել՝ որպես թալիսման, որ ապաքինված տուն վերադառնա: