Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին, կիսել եք մեր ցավն ու տառապանքը և հնարավոր ամեն ճանապարհով աջակցել ազատության ու անկախության հասնելու մեր արդար պայքարին: Ձեր՝ ավելի քան ութսուն այցելություններն Արցախ իրական բարեկամության լավագույն վկայություններն են:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ պատերազմի առաջին իսկ օրվանից կատարած անգնահատելի աշխատանքի, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցով միջազգային հանրությանն ուղղված կոչերի համար: Համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին Ձեր անսահման մեծահոգությունն ու նվիրվածությունը կհիշվեն դարերով»: