«Հայաստան» դաշինքը՝ որպես ընդդիմություն, տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմություններից: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյան (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ) - Մենք չկարողացանք ձևավորել նոր որակի իշխանություն, բայց նոր որակի ընդդիմություն՝ համարեք, որ ձևավորված է:
Աննահանջ ու վճռական պայքար են մղելու իշխանության դեմ՝ խոստանում է պատգամավորի թեկնածուն և ասում՝ քաղաքացիներն ամեն օր դրա ականատեսը կլինեն թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Եվ չնայած այս հայտարարությանը՝ նոյեմբերի 10-ի հայտնի դեպքերից հետո փողոցային պայքարի դուրս եկած Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամները հետընտրական փուլում փողոցային պայքարի դուրս չեկան: Ընտրեցին Սահմանադրական դատարանի ճանապարհը:
Իշխան Սաղաթելյան - Քննարկելով մանրամասները՝ եկանք այն եզրակացության, որ փողոցային պայքարը արդյունավետ չէ: Ութ ամիսները վերլուծելով՝ եկանք այդ եզրակացությանը:
Ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի որակող ընդդիմադիր դաշինքը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և ակնկալում է, որ բարձր ատյանը կկայացնի երեք հնարավոր որոշումներից մեկը: Դրանցից մեկով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը ՍԴ-ն կարող է թողնել ուժի մեջ, երկրորդ տարբերակով՝ կարող է անվավեր ճանաչել՝ սահմանելով մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ընտրությունը անցել է մեծածավալ խախտումներով:
Մինչև ՍԴ որոշումը՝ դաշինքից մանդատները վերցնելու վերաբերյալ հստակ հայտարարություն դեռ չեն անում, բայց եթե գնան խորհրդարան, ապա՝ ամբողջ կազմով: Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ Դաշնակցությունն առանձին գործի:
Դաշնակցության ԳՄ ներկայացուցչի գնահատմամբ՝ կառավարող ուժը հետընտրական փուլում շարունակում է ապօրինի բռնաճնշումները ընտրված համայնքապետների նկատմամբ, ասում է՝ կանչում են և պարտադրում հրաժարական տալ:
Իշխան Սաղաթելյան - Դրանով փորձ է արվում քանդել նաև ՏԻՄ ինստիտուտը և դա դարձնել նշանակովի, կան արդեն բազմաթիվ ակնհայտ ճնշումներ բոլոր այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում, որը տարբերվել է գործող իշխանության դիրքորոշումից:
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ նա քաղաքացիներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզարշավին և քվեարկել այդ ուժի օգտին: «Հայաստան» դաշինքի անդամները մինչդեռ համարում են, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են: