Դեպքը տեղի է ունեցել «Մրրիկ» ատրակցիոնի վրա:
Կարուսելի խափանումից տուժած երկվորյակները իրենց լավ են զգում: «Հաղթանակ» զբոսայգում դժբախտ պատահարը տեղի էր ունեցել երեկ կեսօրին: «Մրրիկ» ատրակցիոնը խափանվել էր, ու ամերիկահայ Ռոբերտն ու Նատալյան ընկել էին, ստացել մարմնական վնասվածքներ:
Վահրամ Ներսիսյան («Հաղթանակ» զբոսայգու տնօրեն) - Կարուսելի վրա ես տեսել եմ՝ կոտրվածք չկա, ջարդվածք չկա, ենթադրում եմ՝ ամրագոտին հնարավոր է խաղալ, բարձրացնել վերև, արագությունը բարձր ա եղել: Ենթադրում եմ սա, որ իրենք գոռացել են, իջնել փորձ են արել, և երեխաներից մեկը դուրս ա թռել, ընկել ա հրապարակի վրա:
Ատրակցիոնն ապրիլին է ԱԻՆ-ից տեխնիկական անվտանգության դրական եզրակացություն ստացել, հավաստող փաստաթուղթը հարևանությամբ փակցված է: Պետական գերատեսչությունից հայտնեցին, որ այս դեպքից հետո ևս գնացել ու տեղում ծանոթացել են մանրամասներին: Հիմա էլ ԱԻն-ը պնդում է, որ «Մրրիկը» շահագործման ենթակա է, իսկ այս դեպքի հանգամանքները դեռ պետք է պարզել: Զբոսայգու ինժեները ընդգծում է՝ դեպքից 4 օր առաջ կրկին ստուգել են մեխանիզմը, յուղել ու փոխել:
Սամվել Սանոսյան (ինժեներ) - Հսկիչը հենց ահազանգ ա տալիս, նույն րոպեին մենք էլի մոտենում ենք, բայց սպասարկումը միշտ էլ լինում է, հնարավոր չի, որ դա չլինի: Դու ինձ երբ գաս տեսնես այգում, էս վիճակում կտեսնես: Ինչ ուզում ա լինի, առաջնահերթը անվտանգ լինի: Անվտանգությունն ամենակարևորն է:
Անսարքության պատճառը հասկանալու, հետագայում նման դեպքերը կանխելու համար Վահրամ Ներսիսյանն ասում է՝ փորձաքննություն են անելու ու ոչ միայն «Մրրիկը», այլև մյուս ատրակցիոնները:
Վահրամ Ներսիսյան - Հիմա չի աշխատում: Երեկ դեպքից անմիջապես հետո տեսեք պլոմբը, խնդրեմ՝ դադարեցրել ենք և մենք իրավունք չունենք ներս մտնենք առանց ոստիկանության, իրականացնենք փորձագիտական աշխատանքներ:
18-ամյա Ռոբերտին ու Նատալյային շտապօգնության մեքենայով «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Բժշկական կենտրոնից «Լուրերին» հայտնեցին, որ մարմնական վնասվածքներն աննշան են, կոտրվածքներ չկան, աղջիկն արդեն դուրս է գրվել, տղայի մոտ էլ ծնկի, թևի ու գլխի հատվածում թեթև քերծվածքներ են: