Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները, որոնք քրիստոնյաների հետապնդումների պատճառով զրկված են իրենց միաբաններից, համակարգված պղծվում են երկրի կառավարության ու շատ քաղաքացիների կողմից՝ փոխանցում է Jihad Watch-ը:
Վերջին տուժած եկեղեցիներից մեկն էլ Թուրքիայի հարավարևելյան Սիրնակ նահանգում գտնվող ասորական Mor Aday-ն է, որը գյուղացիներն օգտագործել են որպես ախոռ: Ասորական սրբավայրը մնացել է առանց միաբանների և անտեսվել է երկրի իշխանությունների կողմից:
Ասորական եկեղեցին կառուցվել է 620 թվականին: Եվ չնայած 1400 տարվա վաղեմություն ունեցող եկեղեցու պատերը հիմնականում կանգուն են, այնուամենայնիվ, այն ավերակ է հիշեցնում, քանի որ պաշտպանված չէ:
Սա ավերակների վերածված միակ եկեղեցին չէ: Թուրքիայում պատմական շատ սրբատեղիներ մնացել են առանց միաբանների: Շատ եկեղեցիներ ավերակների են վերածվել քրիստոնյաների դեմ թուրքերի ու քրդերի իրականացրած բռնությունների հետևանքով:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայում հայերը, հույներն ու ասորիներն անհետացել են 1894-ից սկսված ցեղասպան գործունեության պատճառով: Արդեն 1924-ին Թուրքիայի ու հարակից տարածքների քրիստոնեական համայնքները ոչնչացվել են:
Քրիստոնյաների հետապնդումները գագաթնակետին հասան Թուրքիայի Օսմանյան կայսրության օրոք՝ 1913-23-ին հայերի, հույների ու ասորիների դեմ իրականացված ցեղասպանությամբ:
Հայերին պատկանող հարյուր հազարավոր տներ, ֆերմաներ, այգիներ, գործարաններ, պահեստներ, հանքեր, եկեղեցիներ ու դպրոցներ ավերվեցին կամ դարձան թուրքերի ու քրդերի սեփականությունը՝ դրանք վերածելով բանկերի, ռադիոկայանների, մզկիթների, դպրոցների, ծխախոտի, թեյի ու շաքարի պահեստների կամ պարզապես մասնավոր տների ու ախոռների: