Գուրգեն Հովհաննիսյան (շահառու) - Մեծ հարսս հետաքրքրվեց, թղթերը գտանք, հետո զանգել էր, ասել էին՝ եկեք, ինչի՞ եք ուշացրել, 31 թիվը մնացել ա:
Գուրգեն պապն այս տարվա փետրվարին է իմացել ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցման ծրագրի մասին ու դիմել 1933-ին ծնված՝ կնոջ անունով ներդրված ավանդի փոխհատուցումը ստանալու:
Գուրգեն Հովհաննիսյան - Փետրվարի 18-ին էդ դիմումը տվել ենք, անցած ամսվա 6-7-ին ստացել եմ:
Քանի որ կինը մահացել է, իսկ ավանդը նրա անունով էր, Գուրգեն պապը ստացել է փոխհատուցում ավանդի 50 տոկոսի չափով:
Գուրգեն Հովհաննիսյան - Ավանդը 2600 ռուբլի էր, ստացել եմ 93200 դրամ: էդ էր հասնում, էդ են տվել:
Այս տարի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ մահացած ամուսնու կողմից, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, մարտական գործողություններին մասնակից անձինք և զոհվածների կամ անհետ կորածների ժառանգները, եթե խնայողություններն արվել են մինչև 1993 թվականի հունիսի 10-ը:
Արմեն Մարգարյան (ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - Պատերազմի հետևանքով մենք ունեցանք սահմանամերձ բնակավայրերի ցանկի ավելացում, և 38 համայնքներն այս պահին դարձել են 81, այսինքն՝ այդ համայնքները ևս ընդգրկվել են ավանդի փոխհատուցման իրավունք ունեցողների շահառուների ցուցակ:
Գուրգեն պապի պես ավանդների փոխհատուցման մասին նոր իմացած տարեցները և մյուս սոցիալական խմբերը, որոնք տարբեր տարիներին ընդգրկված են եղել շահառուների ցանկում, բայց չեն դիմել, սահմանափակում չկա, կարող են նաև այսօր դիմել։
Արմեն Մարգարյան- Գործը սկսվում է հետևյալ կերպ. դիմում է առաջինը «ՎՏԲ բանկի» ցանկացած մասնաճյուղ, դիմում է գրում՝ ստանալու տեղեկատվություն իր խնայողությունների վերաբերյալ, տեղեկանքը ստանալուց հետո դիմում է արդեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:
Միասնական սոցիալական ծառայությունում դիմումատուին վերցնում են հաշվառման, դիմելու հաջորդ ամսից նա ընդգրկվում է ցուցակում և 1-2 ամսվա ընթացքում ստանում է գումարը:
Արմեն Մարգարյան - Մենք շատ հաճախ հետևյալ հարցն ենք ստանում՝ ես ունեմ երկու գրքույկ, ամեն մեկը հազար ռուբլի է, արդյոք երկու 84 հազա՞ր եմ ստանալու, բնականաբար՝ ոչ: Մարդու ունեցած խնայողությունները, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձի խնայողությունը դիտարկվում է որպես մեկ գումար և մեկ գումարից է հաշվարկը գնում:
Եթե անձն ունի ընդամենը 1000 ռուբլի խնայողություն, նրա փոխհատուցման չափը կազմում է 84 հազար դրամ: 1001-3000 ռուբլի խնայողության դեպքում 84 հազար դրամին գումարվում է 1000-ը գերազանցող գումարը բազմապատկած 29.4-ով: 3001-5000 ռուբլի խնայողության դեպքում փոխհատուցումը կազմում է 142 հազար 800 դրամ գումարած 3000 ռուբլին գերազանցող գումարը 16.8-ով բազմապատկած: 5001-10000 ռուբլու փոխհատուցումը 176 հազար 400 դրամին գումարած 5000 ռուբլին գերազանցող գումարը բազմապատկած 8-ով, իսկ 10 հազարից ավելի խնայողություն ունեցողների փոխհատուցումը կազմում է 216 հազար 400 դրամ գումարած 10 հազար ռուբլին գերազանցող գումարը բազմապատկած 4-ով:
Արմեն Մարգարյան - Այսինքն՝ ենթադրենք քաղաքացին ուներ 20 հազար ռուբլի գումար, նրա փոխհատուցման գումարը կկազմի 216 հազար 400 + 10 հազար ռուբլի անգամ 4 դրամ, այսինքն՝ 256 հազար 400 դրամ:
2021-ի ավանդների փոխհատուցման համար պետբյուջեով նախատեսվել է 1.2 մլրդ դրամ, 6 ամիս անց կատարողականը 600 մլն է: Հաշվի առնելով, որ սահմանամերձ բնակավայրերի և մարտական գործողությունների մասնակիցների թիվն ավելացել է, նախարարությունը 2022-24 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջարկել է փոխհատուցման համար նախատեսել 1 մլրդ 500 մլն դրամ: