Վարդուհի Չոբանյան (ծրագրի շահառու) - Եկել ենք Արցախից, Շահումյանի շրջան, Նոր էրքեջից: Ես ունեի այնտեղ 5 անասուն, երեքը մնացել ա էնտեղ, մի կովս բերել եմ:
Միակ կովը հիմա Վարդուհու 7 երեխաներին կերակրում է Գեղարքունիքի Գեղամասար գյուղում։ Կովի սոված չմնալու հարցը լուծել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը․ պատերազմի պատճառով տեղահանված և այս, ու Սյունիքի մարզում ապաստանած առավել կարիքավոր արցախցի մոտ 400 ընտանիքի: FAO-ի հայաստանյան գրասենյակը տրամադրել է 91 տոննա անասնակեր։ Առավել խոցելի շահառուների շարքում օգնություն են ստացել նաև Սոթք եկած Գևորգյանները։
Դերենիկ Գևորգյան (ծրագրի շահառու) - Երեք հատ կով ունենք, 8 հատ ոչխար ունենք, տրամադրել են 36 պարկ անասնակեր՝ նաև հավերի համար, գոհ ենք:
Տրամադրածը կբավականացնի 3 ամիս։ ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասում է՝ այժմ ֆինանսաներ են հայթայթում՝ լուծելու կենդանիների գոնե մեկ տարվա կերի, նաև՝ անասնաբույժի ու մյուս հարցերը, որ ծրագրից օգտվող մարդիկ, երաշտի՝ խոտի պակասի պատճառով, չմորթեն անասուններին։
Զարուհի Բեգլարյան (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ազգային ծրագրերի ղեկավար) - Մենք կարող ենք լուրջ պարենային անվտանգության խնդրի առաջ կանգնել, որովհետև եթե տեղահանված կենդանիներին կերի պակասի պատճառով մորթեն՝ երկիրը խնդրի առաջ կկանգնի:
Ըստ գնահատականների՝ տեղահանված արցախցիները Հայաստան են բերել մոտավոր հաշվարկներով՝ 12-55 հազար գլուխ խոշոր և 60-90 հազար մանր եղջերավոր։ Անասնակեր տալով՝ փորձում են օգնել, որ հայաստանյան գյուղերում ապրող արցախցիները օրվա սննդից գոնե կաթ-մածունին փող չտան։ Շուտով նաև ձվի հարց կլուծեն․ 350 հազար դոլար բյուջե ունեցող ծրագրով, ըստ Զարուհի Բեգլարյանի՝ նախատեսում են մարդկանց նաև հավ տրամադրել։
Զարուհի Բեգլարյան - Երկրորդ փուլով նախատեսում ենք երկրորդ աջակցության փաթեթ՝ հավ, և հավի կեր: Էդ փաթեթի շրջանակում մենք նախատեսում ենք նաև հավաբների ստեղծում: Որոշեն ենք վերցնել 4-5 ամսական վառեկներ, որ մեկ-երկու ամսում արդեն ձու ածեն:
10 հոգով սեղան են նստում․ թոշակով քանի՞ օր կարող են ձու ուտել: Հաշվարկների մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում Դերենիկը։ Այգում հպարտ պտտվող աքլորի կողքին՝ Արցախից բերած ածաններից մեկն է մնացել։
Դերենիկ Գևորգյան - Այնտեղից՝ Ղարաբաղից էինք բերել՝ 44 հավ ունեինք՝ բերել էի, այստեղ աղվեսները գոմից մտնում տանում են, տարան․․․
Հավ, նորոգվող կամ 0-ից կառուցվող հավաբուն ՄԱԿ-ի այս ծրագրով կստանան արցախցի այն ընտանիքները, որոնց անասնակեր չի տրամադրվել։ Այնպես որ՝ Գևորգյանները շարունակում են հաշվել: Որպեսզի կերը հերիքի՝ ձեռնտու է կով-ոչխարից մեկին մորթե՞լ, թե՞ տուկ առնել․ Վարդենիսում խոտի հակի գինը հասել է 2000 դրամի։ Գնել չի կարող, միակ կովին մորթել՝ նույնպես, վճռական է Վարդուհին։ Խոտ կհնձեն՝ որտեղից հնարավոր է։
Վարդուհի Չոբանյան- Հայրական տան բախչեն էլ կա, պիտի քաղենք, բերենք, որ անասունին բավականին պահենք:
Տարբերակ չունեն՝ պետք է կովին պահեն, որ կովն էլ իրենց պահի։