«Վրաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքները չեն խախտվում, ուստի նրանք հիմք չունեն իրենց իրավունքների պաշտպանության համար ակցիա անցկացնել»,- hուլիսի 5-ին այս մասին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայտնում է REGNUM-ը:
Վարչապետի խոսքով՝ ոչ ավանդական սեռական հարաբերությունների կողմնակիցները պետք է հաշվի առնեն մեծամասնության կարծիքը, որոնք ԼԳԲՏ քարոզչությունն անընդունելի են համարում:
Ղարիբաշվիլին հավելել է, որ նման գործողությունները միայն նպաստում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը, քանի որ «չափազանց մեծ ուշադրություն են գրավում» իրենց վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Թբիլիսիում սկսվել է «Հպարտության շաբաթ» ԼԳԲՏ միջոցառումը, հուլիսի 5-ին հայտարարվել էր շքերթի անցկացման մասին: Հավաքի առաջին օրը ոստիկանությունը շրջապատել էր միջոցառման մասնակիցներին՝ ԼԳԲՏ քարոզչության հակառակորդների հարձակումներից պաշտպանելու համար: Նրանց ուղղությամբ նետել են ձվեր, քարեր և շշեր: