Այս ուրբաթ՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանը քննելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժի դիմումները: Քննության օրվա մասին որոշումը հրապարակվել է այսօր՝ բարձր ատյանի կայքում:
Հունիսի 20-ի արտահերթի արդյունքները չեն ճանաչում ու դրանք ՍԴ-ում վիճարկում են խորհրդարան անցած Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և Սերժ Սարգսյանի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքները, նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ Քաղաքական ուժերի դիմումները բարձր դատարանը կքննի միասին՝ բանավոր ընթացակարգով:
Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Արդյո՞ք հենց ուրբաթ օրն էլ կհրապարակվի վերջնական որոշումը, դատարանի խոսնակը կանխատեսում անել չի շտապում:
Քաղաքական ուժերի դիմումներում, ըստ խոսնակի, եղել են անճշտություններ, սակայն դրանց բովանդակությունը Եվա Թովմասյանը չի գաղտնազերծում, նշում է՝ դիմումին առնչվող հարցերն օրենքով հրապարակային չեն:
«Հայաստան» դաշինքն ընտրության արդյունքները վիճարկող դիմումի հետ մեկտեղ Սահմանադրական դատարան էր ներկայացրել գրություն՝ այս քննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Դաշինքից պնդում էին, որ Գրիգորյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի դատավարական հակառակորդը և, ըստ նրանց, կարող է ունենալ կանխակալ վերաբերմունք: Օրենքն էլ սահմանում է, որ ՍԴ դատավորին ինքնաբացարկ կարող է ներկայացնել միայն դատավորներից մեկը։
Բարձր ատյանը քննության արդյունքում մի քանի որոշում կարող է կայացնել: Առաջին տարբերակով՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը ՍԴ-ն կարող է թողնել ուժի մեջ, երկրորդ տարբերակով՝ կարող է անվավեր ճանաչել՝ այս դեպքում կամ սահմանելով մանդատների բաշխման նոր կարգ, կամ նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ։
Իսկ ընտրության վերջնական արդյունքների մասին որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել էր դեռ հունիսի 27-ին, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել էր քվեների 53,91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21,09 տոկոսը, «Պատիվ ունեմն» էլ՝ 5,22-ը:
Ըստ հանձնաժողովի՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»` 71, «Հայաստան» դաշինքը` 29, անցողիկ շեմը չհաղթահարած, բայց օրենքի ուժով խորհրդարան անցած «Պատիվ ունեմ»-ը` 7։ Նորընտիր ԱԺ-ն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։