Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Գետք, Ղարիբջանյան գյուղերի բնակիչներն այսօր դարձյալ փակել են Գյումրի-Երևան պետական մայրուղին. պատճառը ոռոգման ջրի խնդիրն է։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ հացահատիկ այս տարի հավաքել չեն կարողանա՝ ջրի սակավության պատճառով, հիմա էլ վտանգված է կարտոֆիլի բերքը:
Որոշ ցուցարարներ վնասի փոխհատուցում են պահանջել: Իրենց խոսքով՝ վար ու ցանքն իրականացրել են վարկային միջոցներով, գրավադրել են տները, անասնագոմերը, կենդանիներին։ Ժամանակ առ ժամանակ իրավիճակն ավտոճանապարհի փակ հատվածում սրվել է, վարորդներից ոմանք հրաժարվել են օգտվել շրջանցիկ ճանապարհից և բողոքել, որ ցուցարարները խախտում են իրենց իրավունքները։
5 ժամ տևած ակցիայից հետո շիրակցիները բացել են ավտոմայրուղին: Պատասխանատուները խոստացել են, որ վաղը գյուղացիների հետ կհանդիպեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները։