Դաշինքի հետ իր անհանգիստ հարաբերությունների և տարածաշրջանային հնարավորությունների պատճառով անցյալ ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիան կանգնած է դժվարին ընտրության առջև՝ գրում է Ahval-ը:
«Թուրքիան օտարացել է եվրատլանտյան հանրությունից, բայց հայտնվել է վերականգնման փուլում գտնվող Մերձավոր Արևելքի առաջնագծում, ցանկանում է իր դերն ունենալ այդ գործընթացում»,- ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յակիշը:
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են վերջին հինգ տարիներին Ռուսաստանի հետ սերտացումից հետո, երկիրը հարձակվել է Սիրիայում քուրդ զինյալների վրա, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցն են ընդդեմ «Իսլամական պետության», ներգրավված է տարածաշրջանային վեճերի մեջ Հունաստանի և Կիպրոսի հետ արևելքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել հունիսի 14-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Էրդողանը փորձում է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ և հանդիպումները համարել է «շատ օգտակար և անկեղծ»:
Յակիշը, սակայն, չի բացառել, որ Թուրքիան կարող է հայտնվել նաև Ռուսաստանի հետ ընդդիմության մեջ, եթե Սև ծովում լարվածությունն աճի ուկրաինական և Ղրիմի ճգնաժամերի պատճառով:
Կայուն չէ իրավիճակը նաև Հարավային Կովկասում: Թուրքիան ցանկանում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, «բայց Ռուսաստանը նախընտրում է պահպանել իր բացառիկ խաղացողի դերը»,- ասել է Յակիշը:
Դիվանագետը չի բացառել, որ Անկարան խոր ներքաշվի նաև Աֆղանստանի ճգնաժամի մեջ, երբ համաձայնի պահպանել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը:
Բացի դրանից՝ կան նաև Սիրիայի, Իրաքի և Լիբիայի հակամարտությունները: Թուրք նախկին արտգործնախարարը հարց է տալիս՝ արդյոք Թուրքիան կկարողանա՞ դուրս գալ այդ խառնաշփոթից, և պատասխանում է. «15 տարի առաջ ավելի հեշտ կլիներ, բայց հիմա դա շատ բարդ է»: