«Կրթություն» շաբաթաթերթում ընդգծված տողերը 166-րդ դպրոցի հայտարարած մրցույթներն են: 9-րդ ամիսն է՝ ուսուցիչ են փնտրում, պարբերաբար հայտարարություն տարածում: Վերջինը հունիսի 17-ին էր. կրկին անարդյունք:
Մարգարիտ Քուշքյան (Երևանի 166-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - 6 անգամ է հայտարարություն ենք տալիս «Կրթություն» շաբաթաթերթում. «Ռուսաց լեզու» և ՆԶՊ: Չեն դիմում, եթե դիմում էլ են, անցողիկ շեմը չեն հաղթահարում:
1408 աշակերտ ունեցող դպրոցում խնդրին ժամանակավոր լուծում են տվել: Որպեսզի սաները ռուսերեն սովորեն, կենսաթոշակի անցած ուսուցչուհուն են դպրոց հրավիրել: Նախնական զինվորական պատրաստություն առարկան էլ համատեղության կարգով ժամանակավոր դասավանդում է 142-րդ դպրոցի զինղեկը:
Մարգարիտ Քուշքյան - Ռուսաց լեզվի մասնագետի պակաս կա, նաև՝ բնագիտական առարկաների՝ քիմա, կենսաբանություն: Զինղեկներ էլ պիտի խնդրեմ պատկան մարմիններին, շախմատի ուսուցիչների նման, զինղեկները աշխատանքի ընդունվեն ոչ մրցութային կարգով:
Ուսուցիչների չհամալրվող հաստիքները սահմանամերձ ու բարձրլեռնային մարզերում ավելի լուրջ է: Տնօրենները ստիպված մաթեմատիկայի մասնագետին վստահում են նաև հայոց լեզվի, գրականության, երբեմն՝ ֆիզիկայի ու բնագիտության դասաժամերը: Պարտադրված են, քանի որ սահմանամերձ գյուղեր քչերն են ցանկանում գործուղվել: Մեր երկրում տարեկան մոտ 700 ուսուցչի կարիք կա, որն այդպես էլ չի հաջողվում համալրել:
Մխիթար Հայրապետյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Խնդիրները բազմաշերտ են՝ սկսած սոցիալականից մինչև ինստիտուցիանալ խնդիրներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը բոլոր խնդիրներն ուսումնասիրել է ու ամիսներ առաջ թափուր հաստիքները համալրելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել: Օրենսդիրն արդեն հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» օրենքի լրացումները: Նոր կարգավորումների համաձայն՝ եթե ուսուցչի թափուր հաստիքը երկու անգամ մրցույթով չի համալրվի, ապա դպրոցում կարող են աշխատել բարձրագույն կրթությամբ, մանկավարժի որակավորում չունեցող անձինք:
Այս կերպ կփորձեն ուսուցիչների չհամալրվող, ամիսներ, երբեմն նաև տարիներ տևվող խնդրին օպերատիվ լուծում տալ: Ապահովել նաև աշակերտների որակյալ կրթություն ստանալու իրավունքը:
Մխիթար Հայրապետյան - Օրենքով մենք կկարողանանք կրթական ոլորտում առկա խնդիրներին օպերատիվ և ճկուն արձագանքելու գործիք ներդնել, ինչը հնարավորություն կտա ոլորտում առկա խնդիրներ լուծել, նաև կբարձրացնի մրցակցայնությունը: Նոր եռանդ ու թարմություն կբերի այս դաշտ:
Ի դեպ՝ սահմանամերձ բնակավայրեր ուսուցիչների գործուղումները խրախուսելու համար կրթական գերատեսչությունն այս տարվա սկզբից գործուղման նոր կարգ է գործարկել: 30 տոկոս աշխատավարձի հավելավճար է սահմանվել, ավելացրել են նաև բնակարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարները: Պետությունը կփոխատուցի նաև ուսուցիչների տեղափոխման ծախսերը: