Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է Հայաստանի համար դժվար փուլում՝ 1993-ին, պրոֆեսոր Սաղաթելյանի ջանքերով: Խնդիր էր դրված՝ զբաղվել շրջակա միջավայրի գիտական հետազոտություններով:
Լիլիթ Սահակյան (Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն) - Ակտուալ է գիտության համար, դա շրջակա միջավայրի հետազոտություններն են, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը շրջակա միջավայրի խնդիրների լուծման հարցում:
2012-ին Կառավարության որոշմամբ կենտրոնը համալրվեց սննդի անվտանգության մասնագետներով: Այսինքն՝ շրջակա միջավայրն ու սննդի անվտանգությունն այստեղ դիտարկում են հասարակության անվտանգային կարևոր օղակ: Բոլոր հետազոտություններն իրականացնում են նորագույն տեխնոլոգիաներով և միջազգայնորեն ընդունված մեթոդներով: Հիմքում հիմնարար գիտությունն է, ինչի արդյունքում կատարում են ավելի շատ կիրառական հետազոտություններ՝ այն ամենը, ինչը հետաքրքրում է բնակչությանը:
Լիլիթ Սահակյան - Ի՞նչ օդ ենք շնչում, ի՞նչ ենք ուտում, ինչքա՞ն աղտոտված հողի վրա ենք քայլում, և դրանք շրջակա միջավայրի և առողջապահական ի՞նչ ռիսկեր կարող են պարունակել բոլորիս համար
Գիտական ուղղությունները հիմնականում երեքն են՝ շրջակա միջավայր, սննդի անվտանգություն, գյուղատնտեսություն: Հիմնական հետազոտությունները իրականացնում են քիմիական լաբորատորիայում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Լիլիթ Սահակյան - Հեռազննման տեխնոլոգիաները, որոնք նոր մեթոդներով արբանյակային լուսանկարների վերծանումով փորձում են օգտակար լինել հողին կպած հետազոտություններին:
Երկրաքիմիա, ռադիոէկոլոգիա, կենսաէներգետիկ ռեսուրսների գնահատում: Գիտական խմբերին զուգահեռ ստեղծվում են նաև ժամանակավոր հետազոտությունների թիմեր, որոնք իրականացնում են կոնկրետ ուսումնասիրություններ: Հայաստանի տարբեր հատվածներում զբաղվում են երկրաքիմիական առանձնահատկությունների բացահայտմամբ: Դա այն բազային հիմքն է, որի արդյունքների հիման վրա քաղաքացին պետք է պատկերացնի՝ ինչ միջավայրում է գործունեություն ծավալելու:
Լիլիթ Սահակյան - Այսինքն՝ հասկանանք՝ էդտեղ քիմիական տարրերը ինչ ապրոտոգեն բալանսի մեջ են, էդտեղ կարող են անվտանգ գյուղատնտեսությամբ զբաղվել, կարող է անվտանգ քաղաքաշինությամբ զբաղվել թե չէ, կամ եթե ունենք էս իրավիճակը, ինչ լուծումներ կան:
Հողը, օդը ջուրը ուսումնասիրելով, ունենալով ոչ այդքան հուսադրող տվյալներ՝ կենտրոնը սկսեց հետազոտել գյուղատնտեսության ոլորտը, պարզելու վտանգավոր նյութերի պարունակությունը գյուղմթերքում:
Լիլիթ Սահակյան - Մենք հասկացանք, որ մեր շրջակա միջավայրի աղտոտիչները հասել են արդեն սնման շղթա, աղտոտիչը հողով ջրով հասավ լոլիկ, ես, որպես հասարակ քաղաքացի, աղտոտված լոլիկը կերա, ի՞նչ առողջական ռիսկեր ունեմ:
Լիլիթ Սահակյանը 20 տարուց ավելի զբաղվում է աղտոտված տարածքների բացահայտմամբ: Այդպիսիք շատ են, և լուծումները պահանջում են այլընտրանքային ճանապարհներ: գրեթե բոլոր հատվածներում աղտոտվածությունը գերազանցում է նորմաներին: Պարզել են՝ կա քաղաք, որտեղ աղտոտվածությունը գրեթե զրո է:
Լիլիթ Սահակյան - Մեր հետազոտություններից հետո մենք կարողացանք գիտամեթոդապես ապացուցել, որ Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից է, հիմա նորից շարունակում ենք հետազոտությունները Ստեփանակերտում:
Գնահատում և քարտեզներ են գծագրում մարզերի հողերի համար: Արմավիրի մարզի ատլասն արդեն պատրաստ է: Դրա միջոցով արտահանում իրականացնող գյուղացին և տնտեսվարողը հիմնավորելու են, որ ստացված գյուղմթերքը աճում է այնպիսի հողատարածքում, որտեղ աղտոտիչներ չկան: Կամ եթե կան՝ առողջական ռիսկեր պարունակում են, թե ոչ: