Շարունակվող շրջափակումը և սահմանափակ պաշարները Հայաստանի համար մշտապես խոչընդոտ են եղել արտահանման համար: Փակ ճանապարհների պարագայում բարդ է հավելյալ շուկաներ մտնելը, առավել ևս՝ գրավելը: Արդյունքում՝ Հայաստանի առևտրային բալանսում արտահանման և ներմուծման հարաբերակցությունը եղել է 1-ը երեքի, որոշ տարիներ՝ նաև 1-ը 4-ի:
Վիճակագրական կոմիտեի տնտեսական ակտիվության ցուցանիշի վերջին հրապարակումները տնտեսագետներին հետաքրքրել են մասնավորապես այս հարաբերակցության զգալի փոփոխության պատճառով: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտահանել է 1 միլիարդ 82 միլիոն դոլարի, ներմուծել 1 միլիարդ 77,7 միլիոն դոլարի ապրանք և ծառայություն: 2021-ի սկզբից արտահանման ծավալը նախորդ տարվա 5 ամիսների համեմատ ավելացել է 20,8, ներմուծմանը՝ 6,7 տոկոսով:
Տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը նկատում է՝ վերջին տասը տարում արտահանման ծավալը կրկնապատկվել է, ներմուծմանը՝ որոշակիորեն նվազել:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Սա լավ է մեզ համար: Առևտրային բացասական մնացորդը նվազում է, կա որոշակի կայունության հնարավորություն:
Հայաստանի տնտեսական մոդելը վերջին տասնամյակում զգալիորեն չի փոխվել, սակայն մի կողմից ավելացել է արտահանմանը վրա շեշտադրող ընկերությունների քանակը, մյուս կողմից՝ արտահանվող հանքանյութի արժեքը: Հատկանշական է, որ 2020-2021 թթ. պղնձի միջազգային գինը բարձրացել է գրեթե երկու անգամ, իսկ այդ մետաղի խտանյութը Հայաստանից արտահանվող ապրանքների ցուցակի առաջին հորիզոնականում է:
Արմեն Քթոյան - Եթե ֆիքսվենք 10 տարվա ժամանակահատվածի վրա, մեր ապրանքային արտահանման կառուցվածքը 160-170 միլիոնի կարգի էր:
Հայաստանին հաջողվել է նաև ավելացնել արտահանվող ապրանքների և ծառայությունների ծավալը: Ունենալով խիստ սահմանափակ ներքին սպառման հնարավորություն՝ տնտեսության համար կարևոր է ամբողջությամբ օգտագործել արտահանման ներուժը: Միաժամանակ, այս հարաբերակցությունում ևս որոշակի բալանսի պետք է գալ,- պնդում է Քթոյանը:
Արմեն Քթոյան - Ամենալավը հավասարակշռվածությունն է: Խիստ դիսբալանսի բացակայությունը: Իսկ եթե նայենք զարգացած և զարգացող երկրներին, հենց արտաքին առևտրի մասով քանի՞ տոկոս է դա կազմում: Երկրներ կան, որտեղ 40 տոկոսը ՏՏ-ն է:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին աճում է երկնիշ ցուցանիշով: Սակայն արտահանման մեջ ՏՏ-ի մասնաբաժինը չի գերազանցում 10 տոկոսը: Ի տարբերություն այլ ուղղությունների՝ այս ոլորտը չի ենթադրում գների տատանում, ինչը թույլ է տալիս խուսափել արտահանման ծավալի լուրջ տատանումներից: