«Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով». վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրության օրն ու նշել՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածի այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց:
Սահմանադրության 26-ամյակն է շնորհավորել նաև հանրապետության նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Նախագահի համոզմամբ՝ Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է, և պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները: Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում: Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը:
Ազգային ժողովի նախագահն էլ, շնորհավորելով տոնի առթիվ, գրել է՝ ժողովուրդը անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է: Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ արժեքները, որ ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։
Արարատ Միրոզոյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այժմ՝ դաժան փորձություններից և արհավիրքներից հետո, մեր ժողովուրդն իրավունք և ինչ-որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը`անկասելի։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Սահմանադրության օրվա շնորհավորական ուղերձում նշել է՝ յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը:
Արման Դիլանյան (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ) - Օրը լավ հնարավորություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը: Հենց այդ վերաիմաստավորումը պետք է լինի մեր Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, սերունդների ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը հասցնող ուղին:
Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են տարածել պետական, քաղաքական տասնյակ գործիչներ, Հայաստանում գործող գրեթե բոլոր կուսակցությունները: