Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական. 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո մայր օրենքի շուրջ վեճերի հիմնական մասը պտտվում է երկրի կառավարման համակարգի շուրջ: Քաղաքական ուժերից Հայ Ազգային կոնգրեսը Սահմանադրական փոփոխություններին դեմ էր դեռևս 2015 թվականից և գլխավորեց «Ոչ»-ի ճամբարը: Կոնգրեսը տեսակետը չի փոխել՝ կիսանախագահականը Հայաստանի համար անհրաժետություն է: Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կուսակցություններն այնքան կայացած ու զարգացաած չեն, որ պետության կառավարումը վստահվի նրանց:
Արմեն Խաչատրյան, ՀԱԿ վարչության անդամ - Մենք կառավարման այս մոդելով ապահովելու ենք զարգացում, թե՞ ապավինելու ենք հարատև ճգնաժամերի: Վերջին երեք տարվա մեջ մի քանի ճգնաժամեր ենք ունեցել Սահմանադրական դատարանում, պատերազմական իրավիճակում, համավարակի հետ կապված իրավիճակում, երբ մի փոքր որոշման համար անհրաժեշտ էր խորհրդարան հավաքել:
«Հանրապետություն» կուսակցությունը ևս շարունակում է մերժել խորհրդարանական կառավարումը՝ պնդելով, որ մեզ պետք է նախագահական մոդել: Կուսակցության գնահատմամբ՝ գործող համակարգն ապացուցեց ճգնաժամերի կառավարման իր անկարողությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մինչդեռ, կիսանախագահականին վերադարձը հետընթաց է համարում: Սահմանադրության օրվան նվիրված իրենց հայտարարության մեջ կուսակցությունը խոսել է փոփոխությունների անհրաժեշտության մասին:
«Հաշվի առնելով հայ ազգի հավաքական գիտակցության իմաստնությունը, մենք վստահությամբ ենք լցվում, որ, ի վերջո, քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն և կիրականացնեն Սահմանադրական փոփոխություններ՝ հայրենական գիտական ներուժի օգտագործման, քաղաքական առողջացման նպատակներով, ինչպես նաև խարսխված ազգային շահի սպասարկման առաքելության գիտակցումով՝ վերջ դնելով միահեծան, գերկենտրոնացված կառավարման և անարդյունավետ քաղաքական կառուցակարգերի շրջապտույտին»։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ևս խորհրդարանական կառավարմանը դեմ քաղաքական գործիչներից է: Իր ամենամյա ասուլիսին Հայրիկյանը Սահմանադրության փոփոխության մասին խոսեց՝ բացարձակ ժողովրդավարություն առաջարկելով:
Պարույր Հայրիկյան, ԱԻՄ նախագահ - Մեր՝ բացարձակ ժողովրդավարության համակարգը բավականին մոտ է նախագահական համակարգին, բայց նախագահ չկա այդ համակարգում, նախագահը քաղաքացիներն են, որոնք 2 տարով ընտրում են վարչապետին, միաժամանակ երկու տարով ընտրվում է ներկայացուցչական մարմինը՝ Օրենսդիրը, 2-3-րդ աստիճանի դատական ատյանի թափուր տեղերը լրացվում են քաղաքացիների ընտրությամբ:
Մենք ունենք Սահմանադրություն, որը ՀՀ քաղաքացունը չէ. վստահ է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը: Թեև իրենք խորհրդարանական կառավարմանը դեմ չեն, բայց,
ըստ նրա, ներկայիս Սահմանադրությունը ոչ թե լուծում է խնդիրներ, այլ ինքն իրենով խնդիր է:
Ռուբեն Մեհրաբյան, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ - Պառլամենտական կառավարման համակարգն, իրավամբ, պառլամենտական պետք է դարձնենք, այսինքն՝ իշխանությունների փոխզսպման մեխանիզմները պետք է բարելավեն, նաև անկախ դատական համակարագի ստեղծմանն ուղղված երկիմաստ հոդվածները պետք է հղկվեն:
Սահմանադրական փոփոխություն արդեն 3-րդ անգամ կլինի՞, թե՞ ոչ. օրակարգում հարցը կա, և այն քաղաքական ուժերի քննարկման, բայց ՀՀ քաղաքացիների որոշման տիրույթում է: Մայր օրենքում համակարգային փոփոխություններ անելու համար հանրաքվեն պարտադիր է: