Վանաձորում կինը հետազոտվեց՝ նկարն անմիջապես հայտնվում է Երևանում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների մոնիտորներին: Արդեն 6 ամիս Վանաձորում կանայք հնարավորություն ունեն հետազոտվել անվճար՝ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային ծրագրով:
Հասմիկ Դավթյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ, ԲԳԹ) - Հայտնաբերվել է, դիցուք, այս դեպքում գոյացություն՝ ձախ կրծքագեղձի... Բիոպսիայի արդյունքում հաստատվել է, որ սա չարորակ է և այսօր վիրահատվել է: լավ կլինի, շատ վաղ փուլ է:
եթե գոյացությունն ուշ հայտնաբերվեր, բժիշկը դժվար թե այսպիսի կանխատեսում աներ: Պիլոտային ծրագրի նպատակը հենց վաղ հայտնաբերումն է: Առայժմ Հայաստանի երեք մարզերով՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, հերթով կշրջի մամոգրաֆիկ հետազոտության շարժական կայանը և կհետազոտի 50-69 տարեկան բոլոր ցանկացողներին: Մասնագետներն ասում են՝ հենց սա է կրծքագեղձի գոյացությունների առաջացման ամենառիսկային տարիքը, չնայած խորհուրդ են տալիս պարբերաբար հետազոտվել նաև ավելի երիտասարդ կանանց: Սքրինինգային ծրագիր՝ նշանակում է առողջ, այսինքն՝ անախտանիշ կանանց հետազոտություն: Այս ծրագրի արդյունքները նկատելի կլինեն առաջիկա տասնամյակներին, երբ այս փուլում գոյացությունների վաղ հայտնաբերման շնորհիվ զգալիորեն կկրճատվի մահերի թիվը:
Արթուր Ավետիսյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Սա պիլոտային ծրագիր է, մենք շատ հուսով ենք, որ պիլոտային ծրագրի ավարտից հետո գուցե ավելի շուտ սա դառնա ավելի համակարգային պետական ծրագիր և ոչ թե միայն պիլոտային:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այս նախաձեռնությամբ միայն Վանաձորում արդեն 4 հազար կին է հետազոտվել: Նրանցից 30-ի մոտ քաղցկեղ է հաստատվել:
Արթուր Ավետիսյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Մոտ 25 կին, որոնց մոտ խիստ կասկած կա քաղցկեղի, պարզապես այս պահին գտնվում են կա՛մ հետազոտության փուլում, դեռ վերջնական հյուսվածքաբանական պատասխանները չենք ստացել, կա՛մ այն փուլում, որ դեռ չի ներկայացել հիվանդանոց, այսինքն՝ կասկածը նկարի վրա տեսել ենք, նրան կանչել ենք, բայց դեռ չի ներկայացել:
Առավել կասկածելի դեպքերում կանանց հրավիրում են Երևան՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ կրկնակի հետազոտության: Տիկին Կարինեն այդ կանանցից է: Վանաձորում մամոգրաֆիկ հետազոտության էր գնացել ոչ թե գանգատների պատճառով, այլ՝ տեղամասային բժշկի խորհրդով:
Անվճար ծրագիրն ու պոլիկլինիկաների հորդորները նպաստել են, որ յուրաքանչյուր օր հետազոտվում է 40-50 կին:
Նունե Խաչատրյան (ռենտգեն-տեխնիկ) - Թեկուզ լսելով, թեկուզ իմանալով՝ մարդիկ գալիս են, հետազոտվում են ու շատ գոհ ու շնորհակալ են:
Ռուզաննա Պողոսյան (Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ) - Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համար նախատեսված էր 6 ամիս ժամկետ, բայց հաշվի առնելով և բնակիչների կողմից հետաքրքրվածությունը, հաճախելիությունը, բավականին մեծ հոսք կար, մենք դիմեցինք ԱՆ, և ժամկետները երկարաձգվել են ևս երկու ամսով:
Իսկ առհասարակ, խոստովանում է տիկին Կարինեն, պրոֆիլակտիկ հետազոտությունների մշակույթն իրենց մոտ այնքան էլ զարգացած չէ:
Հունվարից մեկնարկած այս ծրագիրը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում:
Հասմիկ Դավթյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ, ԲԳԹ) - Հայաստանում առաջին անգամ է ռենտգեն թվային մամոգրաֆով կատարվում կրծքագեղձի սքրինինգ:
Պարզվել է՝ նույնիսկ 50-60 տարեկանում կանայք առաջին անգամ են մամոգրաֆիկ հետազոտություն անցնում:
Արթուր Ավետիսյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Կանայք հաճախ ասում են՝ ես չեմ ստուգվում, որովհետև գանգատ չունեմ: Գանգատ չի էլ լինելու, մինչև այդ ուռուցքը չհասնի զգալի մեծ չափսերի, երբ որ արդեն հեռվից է երևում, և ցավեր են առաջանում:
Վանաձորից հետո մամոգրաֆիկ շարժական կայանը Սպիտակում կտեղակայվի, դրանից հետո անվճար հետազոտությունների հերթը կհասնի Տավուշի և Սյունիքի կանանց: Իսկ տիկին Կարինեի կրկնակի հետազոտության արդյունքում պարզվեց՝ գոյացությունը չարորակ չէ: Լավ էր,- ասում է,- հետազոտվեցի, խնդիրը ժամանակին կլուծենք: