Գերմանիան վերանայել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մուտքի սահմանափակումները հանվել են նաև Հայաստանի քաղաքացիների համար: Այլ երկրների թվում են Մոլդովան, Չեռնոգորիան, Կոսովոն, Կատարը, Կանադան, Հորդանանը, Բոսնիա և Հերցեգովինան, Ադրբեջանը և Բրունեյը: Նշված երկրների քաղաքացիները կարող են մեկնել Գերմանիա՝ անկախ պատվաստման կարգավիճակից:
*****
Վրացի ազգայնականները դեմ են Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների շքերթի անցկացմանը: Նրանք ներխուժել են շքերթի կազմակերպիչների գրասենյակ, փորձել կանխել նախապատրաստական աշխատանքը: Ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական՝ Ռուսթավելի պողոտան, Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել են Եվրամիության դրոշը։ Հարձակման է ենթարկվել ակցիան լուսաբանող շուրջ տասը լրագրող։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպվող միջոցառմանը դեմ է նաև վրաց ուղղափառ եկեղեցին։ Tbilisi Pride-ի անցկացումը ոչ նպատակահարմար են որակել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Դժգոհություններից և բողոքի ակցիաներից հետո միջոցառման կազմակերպիչները հայտարարել են դրա չեղարկման մասին:
*****
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այրվում է նավթի արդյունահանման հարթակը: Հրդեհին նախորդել էր հզոր պայթյուն, որից առաջացած ծխի ամպը տեսանելի էր նաև Բաքվից: Պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, պնդել է, որ Կասպից ծովի իր ծովային հարթակներում վթարներ չեն եղել, և դրանք շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունը ցեխային հրաբխի ժայթքման հետևանք է։ Սկսվել է հետաքննություն:
*****
«Ֆուտբալային հանդիպումներ՝ բռնապետի համար». այսպես է վերնագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության՝ Բաքվում կայացած խաղերի մասին իր վերլուծական անդրադարձը գերմանական ZDF-ի սյունակագիր Մարսել Մուրկհարդը: «2020 թվականին պատերազմելով՝ այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ընկերասեր և հյուրընկալ պետություն, դրա հետ մեկտեղ, ավտորիտար պետության ղեկավարը փորձում է սպորտն օգտագործել որպես մի շոու»,- նշում է հեղինակը: Նա նաև խիստ քննադատել է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը»` այն որակելով սարսափելի ցուցադրություն: Վերլուծաբանի կարծիքով` Բաքվի մարզադաշտը քաղաքական հարթակ էր՝ չնայած ՈւԵՖԱ-ի զգուշացումներին: Մուրկհարդը պատմել է նաև Էրդողան-Ալիև եղբայրության և խաղից առաջ Շուշի այցի մասին: Ըստ սյունակագրի՝ փաստ է այն, որ ադրբեջանական «Սոկար» ընկերությունը միլիոնավոր դոլարի հովանավորչություն է կատարել, սակայն ՈՒԵՖԱ-ն չի խոսում դրա մասին:
*****
Ադրբեջանի և ֆուտբոլի թեման նաև հեղինակավոր «Ֆորբսի» հոդվածում է: Հոդվածագիրը պատմում է Բաքվում կայացած՝ Եվրո 2020-ի Դանիա-Չեխիա քառորդ եզրափակիչ խաղի մասին և ընդգծում, որ Դանիայում այն բանավեճի առիթ էր դարձել: Դանիայում դեմ են եղել, որ սպորտային իրադարձություններն անցկացվեն մի երկրում, որտեղ անարգում են մարդու իրավունքները: Դանիական ֆուտբոլային միությունն արձանագրում է, որ մարդու իրավունքների ոտնահարումը հովանավորում է անձամբ բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը և ապագայի համար նման սխալը չկրկնելու նոր ծրագիր է պետք, քանի որ մարզիկներին ու ֆուտբոլիստներին չես կարող մեղադրել այդպիսի երկրում խաղալու համար:
*****
Բաթումիում տեղի ունեցած միջադեպի ընթացքում դանակահարել են Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչ, դպրոցական Մարտունիկ Ուստյանին: Նա վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Տղայի վիճակը կայուն է: Ըստ լրատվամիջոցների՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են ու հարցրել. «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»: Դեպքին միջամտել է նաև ոստիկան, որը նույնպես վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հանցագործության դեպքի առիթով բերման է ենթարկվել մեկ անձ: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:
*****
Իսրայելի քաղաքացի, զբոսաշրջիկ Մոհամմադ Նադեր Բադարնեն արտաքսվել է Թուրքիայից: Պատճառն, ըստ երևույթին, սոցցանցերում տարածված տեսանյութն է, որտեղ ռեստորանի հաշիվը փակելիս նա թուրքական արժույթով քիթն է մաքրում: Իսրայելցի զբոսաշրջիկը բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրան մեղադրանք է առաջադրվել «պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու» համար: Դրանից հետո Բադարնեն արտաքսվել է Իսրայել: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են դեպքի մասին՝ նշելով, որ իսրայելցին իր տեսանյութում ակնարկել է թուրքական լիրայի արժեզրկման մասին:
*****
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորը կրակում է Արցախի Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ: Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով: Տեսանյութին անդրադրաձել է նաև System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը: «Եթե նման բան պատահեր Ղուրանի կամ Մուհամեդ Մարգարեի հետ կապ ունեցող որևէ բանի նկատմամբ, ամբողջ մուսուլմանական աշխարհն արդեն զենք վերցրած կլիներ»,- գրել է երաժիշտը: