Գերմանական Deutsche Bank-ը հերքել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ նշելով, որ բանկը չի բանակցել Թուրքիայի իշխանությունների հետ՝ Ստամբուլի ջրանցքի վիճահարույց նախագիծը ֆինանսավորելու համար:
Բանկի խոսնակը հուլիսի 1-ին հայտարարել է, որ իրենք Թուրքիայից նման առաջարկ չեն ստացել՝ գրում է Duvar պարբերականը:
Հայտնի է, որ ֆինանսական այս հաստատությունը նախկինում վարկեր է տրամադրել Թուրքիային՝ տարբեր լայնածավալ նախագծերի համար, ինչպիսիք են «Չանաքքալե 1915» կամուրջը և Ստամբուլի մետրոն:
Deutsche Bank-ի հայտարարությունը կապված է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի՝ բանկին ուղղված սպառնալիքի հետ: Քըլըչդարօղլուն զգուշացրել է, որ իր կուսակցության իշխանության գալու դեպքում ինքը կխզի կապերն այն տեղական կամ արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք ներդրումներ են կատարել այդ խնդրահարույց նախագծում: