Ավելի քան հազար աֆղան զինվորներ նահանջել են Տաջիկստանի տարածք՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների հետ մարտերից հետո՝ հաղորդում է ТАСС-ը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է Տաջիկստանի տարածք աֆղանական զորքերի հարկադիր անցման մի քանի դեպք: Երկու երկրի սահմանին իրավիճակի սրումը եղել է Տաջիկստանի և Աֆղանստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնի և Մուհամեդ Աշրաֆ Գանիի միջև կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման:
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ժամանակ նախագահ Ռահմոնն ընդգծել է «Աֆղանստանի խնդրի վերաբերյալ Տաջիկստանի անփոփոխ դիրքորոշումը՝ չխառնվել այդ երկրի ներքին գործերին և պաշտոնապես աջակցել երկրում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Աֆղանստանի իշխանությունների ջանքերին»:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ իրավիճակը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում վատթարանում է, և անհրաժեշտ էր համարել աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին՝ հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու գործում: