Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ:
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ:
«Աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ և արդյունավետ: Հապաղել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր օրը կորուստ է սպորտի համար: Վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն, իսկ հայ մարզիկները միջազգային մրցումներում առավել բարձր արդյունքներ կգրանցեն: Բացի դրանից՝ Արարատի մարզն ավելի սպորտային տեսք կստանա՝ հնարավորություն ունենալով անցկացնելու միջազգային մրցաշարեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը տեղեկացրել է, որ որոշ ընթացակարգային հարցերից հետո առաջիկա օրերին ներկայիս՝ դեռևս 1980-ականներին տեղադրված վազքուղին կապամոնտաժվի, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, և կմեկնարկեն նոր վազքուղու կառուցման աշխատանքները:
«Շնորհակալ ենք հետևողական վերաբերմունքի համար: Մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը բխում է բոլորիս շահերից»,- ասել է Կարեն Բենիամինյանը և վստահեցրել, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով:
Արտաշատ կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են նաև համայնքի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների զարգացմանը, բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու տարբերակներին առնչվող հարցեր: