Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և դա ընդունում է նաև Մոսկվան։ համենայնդեպս, Արցախյան հակամարտության կարգավորման և պատերազմում դադարի ապահովման գործում հիմնական դերակատարում ունեցող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ցանկացած հարց, այդ թվում՝ քաղաքական, կարող է լուծվել։ Ճիշտ է՝ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը․ նախ պետք է կարգավորել կոմունիկացիաների ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալական խնդիրները և միայն հետո անդրադառնալ խնդրի քաղաքական բաղադրիչին։ Ընդ որում, Մոսկվան այս հարցում որպես գործընկեր դիտարկում է այդ թվում՝ Անկարային՝ ենթադրաբար, հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա։
Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար) - Մենք այսօր Մևլութ Չավուշօղլուի հետ համաձայնեցինք, որ գործակցելու ենք՝ յուրաքանչյուրս օգտագործելով մեր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունը կարգավորելու համար, որ պայմաններ ստեղծվեն ադրբեջանցիների ու հայերի, նաև ցանկացած այլ ազգային պատկանելության ժողովրդի բարիդրացիության համար:
Համակեցությունն ու բարիդրացիականությունը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թվով 18-րդ ուղիղ կապի՝ Արցախին վերաբերող հատվածի լեյտմոտիվն էր։ Պուտինի համոզմամբ, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շահագրգռված չեն ճգնաժամի խորացմամբ, ինչը հույս է ներշնչում, որ կողմերն, այնուամենայնիվ, կգնան հակամարտությունը կարգավորելու ուղով։ Ճիշտ է, որպես հակամարտության կարգավորման ուղիղ ճանապարհ Ռուսաստանի նախագահը նույնպես ընդգծել է խնդրի տնտեսական բաղադրիչը՝ համոզմունք հայտնելով, որ եթե լուծվեն կոմունիկացիաների ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալական խնդիրներն, ապա դա մեծապես կնպաստի հայերի և ադրբեջանցիների հաշտեցմանը։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռուսաստանը դերակատարում է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում, քանի որ եթե բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, մենք կստեղծենք պայմաններ մարդկանց բնականոն կյանքի համար, ինչի կարիքը ունեն Ղարաբաղի բնակիչները: Անհնար է միշտ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր:
Բնականաբար, պաշտոնական Երևանի համար մի շարք գոյություն ունեցող հարցերից առաջնայինը երկուսն են՝ Արցախի կարգավիճակի խնդիրը և ռազմագերիների հարցը։ Քանի դեռ այս երկու ուղղությամբ առաջխաղացում չկա, Հայաստանի մտքով չի անցնի խոսել Ադրբեջանի հետ հաշտության համապարփակ պայմանագիր կնքելու մասին անգամ խոսակցության բռնվել։ Համենայնդեպս, Հայաստանի քաղաքական իշխող թիմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Սպուտնիկ գործակալությանը հարցազրույցում պնդել է, որ քանի դեռ Արցախի խնդիրը քաղաքական լուծում չունի, ինչն ընդունում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանը հաշտեցման որևէ փաստաթուղթ չի ստորագրի։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանն, ապա այստեց նույնպես խնդիր կա, քանի որ Բաքուն միտումնավոր ցանկալին իրականության տեղ է ներկայացնում՝ խոսելով Զարգեզուրի առասպելական միջանցքի ու դրա առաջիկա գործարկման մասին։ Ռուբինյանը պնդել է, թե ոչ նոյեմբերի 9-ի, ոչ հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների տեքստերում որևէ միջանցքի մասին խոսք անգամ չի եղել և միայն ու բացառապես այդ մեկնակետից է պաշտոնական Երևանը քննարկում կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը։ Ասենք՝ ոչ միայն Երևանը։ Մասնավորապես, մի քանի օր առաջ Բաքուն փորձել էր «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը գցել Պեկինի գրպանը՝ տեղեկություն տարածելով, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում «Զանգեզուրի միջանցք»-ի ներդրման մասին։ Այս բավական էժան տեղեկատվական հնարքը շատ արագ բացահայտվեց, երբ արդեն Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հայտարարեց, թե խոսել է իր գործընկերոջ հետ և պարզել, որ Ադրբեջանում Պեկինի ներկայացուցիչը նման բան պարզապես չի ասել։