Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի 100-ից ավելի կով մեկ տարի է՝ հարմար տեղավորվել են կառավարության սահմանած չափորոշիչներով կառուցված խելացի անասնագոմում: 6 մ բարձրությամբ առաստաղ, բավարար օդափոխություն և լուսավորություն, մաքուր ջուր և հանգստի գոտի:
Որ կովերը սոված ու ծարավ չմնան, հսկում է Արմենակը: Մեկուկես տարի է՝ ինչ վերադարձել է հայրենիք: 18 տարի ապրել է Հունաստանում: Ասում է՝ այս գործում կարևոր են մանրուքները, նույնիսկ կենդանու տրամադրությունը:
Տարվա բոլոր եղանակներին, նույնիսկ մինչև 30 աստիճան ցրտի պայմաններում: Ի տարբերություն ավանդական անասնապահության, Ավստրիայից և Գերմանիայից բերված այս կովերի մի մասին այստեղ պահում են բացօթյա պայմաններում:
Կովերը տալիս են բարձր որակի և յուղայնության կաթ: Կիթն իրականացվում է ավտոմատ եղանակով: Ասում են՝ եթե չլիներ կառավարության օժանդակությունը, գործը գլուխ չէր գա: Պետության կողմից իրականացվող խելացի անասնաշենքերի կառուցման և տավարաբուծության զարգացման ծրագրերն արդարացրել են բոլոր սպասումները, ասում է էկոնոմիկայի փոխնախարարը:
Առաջիկայում նոր տեխնոլոգիաներով աշխատող ֆերմաների քանակն էլ ավելի կշատանա: Որպես օժանդակություն՝ պետությունն իր վրա է վերցնում ծախսերի մոտ 50 տոկոսը: Ի դեպ, համավարակի և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ 2021 թվականին ներկրված կենդանիների սուբսիդավորումը պետությունն ամբողջությամբ վերցրել է իր վրա:
Տարին սակավաջուր է, և որոշ ֆերմերների մոտ անասնակերի ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել: Պետությունը ֆերմերին կօգնի նաև այս հարցում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով՝ հանրապետությունում փորձարկվում են այլընտրանքային՝ հիդրոպոնիկ եղանակով աճեցվող անասնակերի արտադրության հնարավորությունները:
Կառավարությունը կօժանդակի նաև այն տնտեսվարողներին, որոնք համավարակի ու ռազմական դրության պատճառով սահմանված կարգով չեն ներկայացրել անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։ Սուբսիդավորումը չդադարեցնելու նպատակով բացառությունից կօգտվեն այն տնտեսվարողները, որոնք վարկային բեռը մեղմելու նպատակով, յուրաքանչյուր անկած տոհմային խոշոր եղջերավոր կենդանու դիմաց մինչև 2021 թ. օգոստոսի 1-ը կվճարեն առնվազն 300 հազար դրամ։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան