Եղանակային բարդ պայմանների պատճառով այս գիշեր մինչև 5 ժամով ուշացել են «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքները, տեղեկացնում են ՀԿԵ լրատվական բաժնից:
Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով Շուլավերի (Վրաստան) - Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա:
Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ՝ վերականգնելով «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքների շարժը:
Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան - Բաթում (1 ժամ 55 րոպե) և Բաթում - Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի - Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի - Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան - Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքները: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:
Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքի կայարաններում:
Այսօր երկաթուղայինները կազմակերպել են երկաթուղու արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
Հայցում ենք ուղևորների ներաղամտությունը պատճառած անհարմարության համար: