Բաքվում գտնվող 14 հայ ռազմագերիներին շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելով՝ Ադրբեջանը շարունակում է չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն առ ոչինչ է համարում դատական ակտը:
Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ - Տղաները զինծառայողներ են, տղաները ռազմագերի են և նրանք պետք է վերադարձվեին անմիջապես հետո, մնացածը ծաղր է իրավունքի, արդարադատության նկատմամբ:
Հայ ռազամգերիներից երկուսը դատապարտվել են 4 տարի, 12-ը՝ 6 ամիս ժամկետով: Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վստահ է՝ այս գործընթացով Ադրբեջանն առաջին հերթին վնասում է ինքն իրեն:
Տաթևիկ Հայրապետյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Երբ նույն խորհրդարանական դիվանագիտության հարթակներում խոսում ենք, որ սա անթույլատրելի է և Ադրբեջանը պետք է ազատ արձակի գերիներին, Ադրբեջանի պատվիրակները հայտարարում են, որ նրանք ահաբեկիչներ են, և եվրոպացի պատգամավորների կողմից դա շատ բացասական է ընկալվում:
Ադրբեջանը, հայ ռազմագերիներին ապօրինի պահելով, փորձում է որոշակի օգուտներ ստանալ: Հայրապետյանն այս նպատակները խաթարելու հարցում կարևորում է տարբեր ասպարեզներում միջազգային ճնշումը մեծացնելը:
Տաթևիկ Հայրապետյան - Մի կողմից պետք է լինի քաղաքական ճնշում, դա աշխատել է երկար ժամանակ: Մենք էլ փորձել ենք մեր հերթին տարբեր հարթակներում դա ակտիվացնել: Եվ, իհարկե, իրավական ճնշում, ինչպես ՄԻԵԴ վճիռներն են, և ես կարծում եմ՝ այս համալիր գործընթացը պետք է արդյունք տա:
Պաշտոնական Բաքուն շարունակում է թաքցնել նաև իր իրավազորության տակ գնտվող հայ ռազմագերիների թիվը: ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչներն ավելի քան 121 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում են ներկայացրել: Ադրբեջանի պատասխանը հիմնականում նույնն է՝ այդպիսի անձինք չեն նույնականացվել:
Արտակ Զեյնալյան - Կարծում ենք, որ Ադրբեջանում կան նաև ռազմագերիներ, որոնց գերևարման փաստը և իրենց իրավազորության ներքո գտնվելու փաստն Ադրբեջանը չի ճանաչում: Նաև հրապարակել ենք, որ տասնյակ գերիներ սպանվել են գերության մեջ հայտնվելուց հետո, ճշգրիտ թիվն այս պահին հայտնի չէ, Ադրբեջանի թաքցնելը նաև հակամարդկային է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է՝ հայ ռազմագերիներին ազատազրկման դատապարտելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ունի գերիներին ազատ չարձակելու արդարացում:
Արման Թաթոյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949 թ. երրորդ կոնվենցիան: Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:
Ադրբեջանը կեղծ դատավարություն է իրականացնում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ: Նրանց անհիմն մեղադրում է սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների համար: