Խալերի մեծամասնությունը բուժման կարիք չունի, բայց պետք է հաճախ հետազոտել՝ նշում է մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանը և բացատրում՝ ինչպես տարբերակել բարորակ և չարորակ խալերը։
Խալերը, բծերը, նևուսները մաշկի բարորակ գոյացություններ են, որոնք կարող են լինել բնածին կամ առաջանալ կյանքի ընթացքում: Խալեր կան, որոնց խստիվ արգելվում է «ձեռք տալը», միայն պետք է արևից պաշտպանել, կան խալեր, որոնք պետք է անհապաղ հեռացնել՝ նշում է Բաբայանը:
Էկոլոգիայի աղտոտումը, կլիմայական փոփոխությունները, արևային ազդեցությունը և շատ այլ գործոններ նպաստել են չարորակ նորագոյացությունների աճին ամբողջ աշխարհում:
Մելանոմայի զարգացման հիմնական գործոնները գենետիկ նախատրամադրվածությունն ու ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն են: Սպիտակամաշկ մարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկն ավելի բարձր է: Մելանոմայի առաջացման հավանականությունը բարձր է նաև, եթե դեմքի կամ մարմնի խալը վնասվել է։
Մելանոմայի դեպքում, բացի վիրաբուժական միջամտությունից ,իրականացվում է ճառագայթային և քիմիաթերապիա, որից հետո պացիենտը պարտադիր հսկողության տակ է վերցվում:
Ցանկացած մարդ պետք է ամիսը մեկ անգամ ինքնազննություն կատարի և կասկածելի նորագոյացություն նկատելիս դիմի մաշկաբանի: