Գերությունից վերադարձած Ալեքսանի աչքը անկողնուն է, 8 ամիս նա զրկված է եղել առողջ քնից: Եթե հարազատների հետ շփումն էլ չլինի, օրվա մեծ մասը քնով կանցկացնի:
Ալիկը՝ նրան այդպես են կոչում, նկարվել ու հարցազրույց տալ չի սիրում: Աշխատում է չխոսել բանտարկված ամիսների մասին, ընտանիքն էլ հարցեր չի տալիս, որ տղան չլարվի: Դեռ նոր է վերադարձել. մի քիչ կհանգստանա, հետո արհեստ կսովորի և աշխատանք կգտնի:
Քրիստինե Սեդրակյան (Ալեքսան Սեդրակյանի մայրը) - Մասնագիտություն է ուզում սովորի՝ ավտոմեխանիկի, բայց թանկ է, գումար պետք է տանք վարպետին, հետո՝ անձնագիր չունի:
Ընտանիքը փաստացի բնակության հասցե չունի, դա է պատճառը, որ տղան անձը հաստատող փաստաթուղթ չունի: Եթե մայրիկի հետևողականությունը չլիներ, Ալիկին նույնիսկ բանակ չէին զորակոչի:
Քրիստինե Սեդրակյան - Ես ինքնակամ դիմել եմ զինկոմիսարիատ: Բացառության կարգով տատիկի տան հասցեն եմ տվել:
Տիկին Քրիստինեն միայնակ մայր է. երկու երեխաների հետ երկար տարիներ վարձով են ապրել, բայց սոցիալական խնդիրների պատճառով թողել են վարձակալած բնակարանն ու տեղափոխվել հայրական տուն՝ ժամանակավոր:
Գենյա Սեդրակյան (Ալեքսան Սեդրակյանի տատիկը) - Ես բերեցի: Վարձը չէր կարողանում տալ, բերեցի՝ յոլա գնան, մինչև...
Ալիկի ուզածն ընդամենը աշխատանք գտնելն է, որ մորն ու քրոջը պահի:
Ալեքսան Սեդրակյան - Ուրիշ ձև եմ նայում, մանրամասն չեմ կարող ասել:
8 ամսվա ընթացքում ոգին կոփվել է, կյանքին այլ աչքերով նայելու կարողություն տվել: Դա նկատել է հատկապես Ալիկի զոհված ընկերոջ՝ Տիգրան Ոսկանյանի քույրը, որի համար Ալիկն արդեն հարազատ եղբոր պես է:
Տաթև Ոսկանյան - Եթե այսքանից հետո իրենք չեն կոտրվել ու չեն չարացել, մենք իրավունք չունենք չարանալու: