Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Թուխ Մանուկ եկեղեցու բակում կանգնեցվել և օրհնվել է Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը, որն օրհնվել է ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։
Հուշակոթողի նախագծող-քանդակագործն է Արտաշ Հակոբյանը, հովանավորը՝ գեղհովիտցի Վազգեն Պողոսյանը։ Հուշակոթողի բացման և օրհնության արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղհովիտի և Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, բարերար Վազգեն Պողոսյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։
«Այս պատմական սրբավայրում կանգնեցված հուշակոթողը, որը նվիրված է Հայրենյաց պաշտպանին, հավերժացնելու է այն հերոս տղաների հիշատակը, որոնք իրենց կյանքի ու արյան գնով փրկեցին հող հայրենին, երբեք չերկնչեցին թշնամու առաջ ու պայքարեցին մինչև վերջ` ապահովելով հայ սերունդների ապրելու իրավունքն ազատ ու ինքնիշխան հայրենիքում։
Նրանք պետք է հիշվեն անուն առ անուն, իսկ մենք պետք է ապրենք ու պայքարենք այն վեհ նպատակների համար, հանուն որոնց մարտնչեցին ու անմահացան մեր քաջարի հայորդիները։
Մենք կծաղկեցնենք ու կհզորացնենք մեր երկիրը, որը կլինի միակ արժանի պատասխանը մեր թանկագին կորուստների»,- ասել է Գնել Սանոսյանը։