Հանրակրթության պետական չափորոշչով դպրոցական ծրագրում ավելի շատ կլինեն բնապահպանական թեմաները: Նպատակ կա բնապահպան-աշակերտներ դաստիարակելու:
Գագիկ Մելիքյան (ԿԶՆԱԿ կրթության բովանդակության մշակման վարչության պետ) - Ավագ դպրոցում ներմուծվել է նոր առարկա, բնագիտություն առարկան է, որը մեծ մասամբ ունի բնապահպանական թեքում: Այս առարկայի ծրագիրը շատ մեծ չափով ներառում է ժամանակակից բնապահպանական խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Պարտադիրից բացի, դպրոցը, ըստ ցանկության, կարող է դասավանդել առանձին առարկա, օրինակ՝ բնապահպանություն: Նոր չափորոշչով մեծացել են աշակերտից ակնկալվող արդյունքները: Դպրոցականը պետք է մասնակցի բնապահպանական միջոցառումների, տարվա մեջ գոնե մեկ նախագիծ ներկայացնի:
Լուսինե Ալեքսանյան (ԿԶՆԱԿ գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ) - Երեխաները նախագծային աշխատանքների կատարման ժամանակ կարող են նախագծեր ներկայացնել իրենց բնակավայրի բնապահպանական վիճակի մասին՝ նկարահանումներ կատարել, պրոբլեմ վեր հանել, ներկայացնել համապատասխան մարմիններին:
Դասերի միջոցով պետք է նպաստել, որ աշակերտները սիրեն ու պահպանեն Հայաստանի բնությունը, ասում է Ալեքսանյանը:
Լուսինե Ալեքսանյան - Երեխաները պիտի գտնեն իրենց բնակավայրի ամենահին ծառը, իմանան՝ ով է տնկել, բնության հուշարձաններ էլ մենք պետք է պահպանենք:
Կլինեն գործնական դասեր, ինչպես էքսկուրսիաների ժամանակ, այնպես էլ հենց դպրոցի բակում: Կուսումնասիրեն, եզրահանգումներ, հետո առաջարկներ կանեն: Փոփոխությունները կփորձարկվեն սեպտեմբերից Տավուշի մարզում: Լավ արդյունքի դեպքում՝ կներդրվեն ամբողջ հանրապետությունում:
Հեղինակ՝ Անի Ավագյան