Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Ալթունն իր ելութներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Թվիթերում բողոքել է նման «երկակի ստանդարտների դեմ»։
Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․
«Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։
Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։
Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։
Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։
Պա՞րզ է»։