ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման նպատակով ուղիներ գտնելու թեման քննարկել է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ: Ամերիկացի օրենսդիրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման: Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին»,- գրել է Ֆրենկ Փալոունը: