Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանագծման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը գործում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել է նա:
Ստանիսլավ Զասի գնահատմամբ` հակամարտության սրացում չկա:
«Սկզբունքորեն, հիմա պետք չէ ասել, որ իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ սրվում է: Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման ուղղությամբ, այս բոլոր վիճահարույց հարցերը, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա նաև տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակում, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի ԱԳ նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակը քննարկել ենք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որ անցկացվել է Դուշանբեում»,- հավելել է նա:
Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում:
«Դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի կայացվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը` հավելելով, թե կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից: