ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություների արդյունքում պարզվել է «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 1981թ.:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցների վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:
2021 թ. հուլիսի 2-ին 39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով վերոհիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: