Հունիսին Վրաստանում գնաճը կազմել է 9,9%՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով առավելագույն տեմպին վերջին 10 տարվա ընթացքում: Այդ մասին գրում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ինֆլյացիայի աճի հիմնական պատճառներից մեկը բնակարանային և կոմունալ ծառայությունների վճարումների համար պետական դոտացիաների դադարեցումն է: 2020 թվականի հունիսի համեմատ բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գներն աճել են 10,5%-ով, ինչը արտացոլվել է տարեկան գնաճի 1,59 տոկոսային կետում:
Վերջին մեկ տարվա ընթացքում սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գները Վրաստանում աճել են 8,8%-ով: Կարագն ու ճարպերը թանկացել են 47.1%-ով, բանջարեղենն ու սեխը՝ 16.6%-ով, շաքարավազը, ջեմը և այլ քաղցրավենիքները՝ 13.7%-ով, կաթը, պանիրն ու ձուն՝ 10.6%-ով, հանքային և խմելու ջրերը, զովացուցիչ ըմպելիքները և բնական հյութերը՝ 7.3%-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 7.2%-ով, հացն ու հացաբուլկեղենը՝ 5.5%-ով, միսը և մսամթերքը՝ 5.3%-ով:
2019-ին Վրաստանի տարեկան գնաճը կազմել է 7%: 2020-ի սկզբից ինֆլյացիայի տեմպը սկսել է նվազել: Հունվարին և փետրվարին այն կազմել է 6.4%, մարտին՝ 6.1%, սեպտեմբերին՝ 3.8%, և այս մակարդակում մնացել է երեք ամիս: 2021 թվականի սկզբին պարզ դարձավ, որ դրական միտումը ժամանակավոր է: Փետրվարին տարեկան գնաճը կազմել է 3,6%, իսկ մարտին՝ 7,2%: