Վանաձորի բարեկարգ ու լուսավոր հանգստավայրերի թիվը մինչև տարևերջ կավելանա ևս մեկով: Սայաթ-Նովայի անվան զբոսայգին կարդիականացվի, կվերականգնվի քաղաքային այգու գեղեցիկ տեսքը:
Մամիկոն Ասլանյան (Վանաձոր համայնքի ղեկավար) - Վանաձորի գրավչության բարձրացման համար ամենակարևոր բաղադրիչներից մեկը հանրային կանաչ գորտիների, հանգստի, զբոսանքի գոտիների արդիականացումն է և վերակառուցումը, նաև նորերի ստեղծումը: Հանգստի, զվարճանքի, զբոսանքի վայրերը պիտի այնպիսին լինեն, որ վանաձորցին կարողանա իրեն բավարարված զգալ:
Այգու բարեկարգման ծրագիրը կարժենա 320 մլն դրամ, կյանքի կկոչվի Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ: Եվս 4.5 հա տարածք հանգստի հարմարավետ գոտի կդառնա թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար:
Սուրեն Աբովյան (Վանաձորի գլխավոր ճարտարապետ) - Նախատեսվում է ամբողջական հիմնանորոգում, մասնավորապես՝ հետիոտների, ճեմուղիների հիմնանորոգում, մի մասը ասֆալտապատ ծածկույթով կլինի, մի մասը բնական քարերով սալապատում կլինի, ամբողջ եզրաքարերը կփոխվեն, սիզամարգերը և կանաչ գոտիները ամբողջությամբ կխնամվեն, կմշակվեն:
Այգու հարավային հատվածում նախկինում գործող շատրվաններով ջրավազանն էլ կվերակառուցվի որպես ամֆիթատրոն՝ բացօթյա բեմով: Վանաձորի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ հնարավոր կլինի կազմակերպել համերգներ ու կինոդիտումներ, արդեն ձմռանը այն կծառայի որպես սահադաշտ: Նախատեսվում է նաև նստարանների, աղբամանների, տեղադրում, լուսավորության անցկացում՝ ժամանակակից լուծումներով:
Սուրեն Աբովյան - Հենց ճեմուղու մեջ կախովի լույսեր են լինելու, փոքր գազոններով, մի քիչ ավելի ժամանակակից են լուծումները, էն, ինչ ունեցել է այգին, այդ տեսքը չի վերականգնվում, ավելի ժամանակակից տեսքով է վերականգնվում:
Վերջին անգամ այգին բարեկարգվել է մոտ 50 տարի առաջ, վերանորոգման կարիք իսկապես կար: Զբոսայգու շինարարությունը կմեկնարկի մոտ 2 ամսից, այս պահին մրցույթների հայտարարման փուլն է:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան