Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները չեն ճանաչում և Սահմանադրական դատարանում վիճարկում են ընտրությանը մասնակցած 26 ուժից 4-ը: ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով այսօր Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները:
Ընտրություններում 21.9 տոկոսով 2-րդ տեղն զբաղեցրած «Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները կամ անվավեր ճանաչել և նշանակել երկրորդ փուլ, իսկ երրորդ տարբերակ դիտարկում է ԱԺ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելը: Նրանց՝ ՍԴ ներկայացրած դիմումը բաղկացած է 12 կետից:
Արամ Վարդևանյան («Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան) - Այսինքն` վիճարկել ենք ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև փաստական հանգամանքները, որոնք կան: Սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական, թե՛ որակական խախտումների մասով:
Մեկ տոկոսի շեմը չհաղթահարած «Զարթոնք» կուսակցությունն էլ գտնում է, որ ընտրություններին չեն պահպանվել Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի ազատությունը և հավասարության սկզբունքները: Կուսակցության կողմից ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել՝ պետական մարմիններից տարբեր տեղեկություններ ստանալու պահանջով՝ հանրային ծառայողների քանակից մինչև քաղաքացիների քանակ, որոնք ընտրության օրն ստորագրել են ցուցակներում, սակայն, ըստ ԱԱԾ տվյալների, փաստացի Հայաստանում չեն գտնվել:
1.3 տոկոս ձայն հավաքած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն էլ դժգոհ է ընտրության արդյունքերից: Սահմանադրական դատարան դիմումը ներկայարցրել են կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանն ու կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահը: Նրանք պնդում են՝ խախտվել են ընտրության գաղտնիության, անձանց քվեարկելու իրավունքները, ինչն ազդել է ընտրության վերջնարդյունքի վրա:
Սուսաննա Սարգսյան («Հայոց Հայրենիք» կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահ) - Մենք գտել ենք այնպիսի խախտումներ, որ ընդհանրապես ԸՕ մի շարք նորմեր դիտարկել ենք որպես հակասահմանադրական և այս հիմքով ևս մեկ դիմում ենք նախապատրաստում, մոտ օրերս այս նորմերն էլ կվիճարկենք Սահմանադրական դատարանում:
Այս ընտրություններում ընտրողների ձայների 53.91 տոկոսով հաղթել է իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սահմանադրական դատարանը նրանց հաղթանակը վիճարկելու բողոքների քննության արդյունքները
պետք է հայտարարի 15-օրյա ժամկետում: