Քանաքեռ-Զեյթունում առավոտը ջրի խնդրով է սկսվել՝ ծորակներից պղտոր՝ ժանգագույն ջուր է հոսել:
Անահիտ Մկրտչյան (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ) - Թոռնիկս բացեց ծորակը, որ ջուր խմի: Լավ է՝ բաժակն սպիտակ էր, ասաց՝ դեղին է ջուրը: Իրոք դեղին էր, ժանգ էր, ասացի՝ չխմես հանկարծ:
Նվարդ Մանուկյան (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ) - Փոքր երեխա կա տունը, ասել եմ՝ չխմեք:
Վարչական շրջանի աշխատակազմն ահազանգեր է ստացել բնակիչներից, այցելել ու խնդրին տեղում ծանոթացել: Մի քանի փողոց ընդգրկած խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել այն դեպքից հետո, երբ ծնողներն սկսել են տարծքում գործող մանկապարտեզներից ժամանակից շուտ վերցնել երեխաներին:
Ազատուհի Մուրադյան (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ) - Եկել են որոշ ծնողներ, իրենց կամքով երեխաներին տարել են տուն:
Իրավիճակը վերահսկելի դրաձնելու համար վարչական շրջանի ղեկավարը հրահանգել է ժամանակավոր կասեցնել մանկապարտեզների գործունեությունը և ուսումնասիրել խնդիրն ու դրա առաջացման պատճառները:
Ազատուհի Մուրադյան - Թաղապետարանի աշխատակազմի կոմունալ բաժնի հեռախոսին եղել են մի քանի ահազանգեր: Պարզելու և հասկանալու համար, թե ինչ է կատարվում, վարչական շրջանի ղեկավարը հանձնարարական է տվել, հրատապ գրություններ են ուղարկվել քաղաքապետարան, «Վեոլիա ջուր» և Առողջապահական տեսչական մարմին:
Թե ինչն է ջրի աղտոտման պատճառը, դեռ չեն պարզել: Ահազանգերից հետո խնդրահարույց հասցեներ են այցելել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Վոելիա ջուր ընկերության մասնագետները: Երկու կառույցներն էլ ջրից նմուշառում են կատարել ու լաբորատոր փորձաքննության ուղարկել:
«Վեոլիա ջրից» «Լուրերին» փոխանցեցին, որ առանց լաբորատոր փորձաքննության պատասխանների որևէ մեկնաբանություն չեն կարող տալ, նույնաբովանդակ պատասխան ստացանք նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: