Դու ինձ, ես քեզ. պայմանավորվածություն՝ ՊԵԿ պաշտոնյայի ու գործարարի միջև: 2020 թ. հունվարի 31-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ցորենի ներմուծմամբ, ինչպես նաև ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Գոլդեն Ֆլոուր» ընկերությունում: Պարզվել է՝ 2018-2019 թթ., առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, ինքնությունները չպարզված անձանց և տնտեսվարողների վաճառվել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն, որի հետևանքով ընկերությունում առաջացած ալյուրի և ցորենի պակասորդին օրինական ձևակերպում տալու նպատակով դուրս են գրվել խոշոր հաշիվներ:
ՊԵԿ գլխավոր տեսուչները, կասկածներ ունենալով «անապրանք» հարկային ապրանքագրերի վերաբերյալ, արտադրամասում իրականացրել են գույքագրում, որի արդյունքում պարզել են, որ հաշվապահական հաշվառման տվյալների հետ համեմատած՝ 192 մլն դրամի ցորենի և ալյուրի պակաս կա, ինչի մասին տեղյակ են պահել գլխավոր հաշվապահին՝ տեղեկացնելով, որ կտուգանեն պակասորդի արժեքի 50 տոկոսի՝ 96 միլիոն դրամի չափով:
Բենիամին Հարությունյան, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ - Այդ մասին հաշվապահը տեղեկացրել է տնօրինությանը, որից հետո, որպեսզի խախտում չհայտնաբերվի, տնօրենը կաշառք տալու ու ստանալու շուրջ համաձայանության է եկել 2 աշխատակիցների հետ՝ շուրջ 30 000 դոլարի շուրջ:
Տնօրենը ՊԵԿ աշխատակիցների հետ համաձայանության գալուց հետո հայտնել է, որ պահանջված գումարը միանգամից տալ չի կարող ու խնդրել է գումարը վճարել մաս-մաս: Տասը հազար դոլար տալուց անմիջապես հետո ստացել են ստուգման արդյունքներով խախատումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը:
Բենիամին Հարությունյան - Կազմվել է գույքագրման կեղծ ակտ, որով ընկերությունում ոչ մի խախտում չի արձանագրվել: Կասկածներ են եղել 5 տնտեսվարողների մասով, ու եթե այդ տվյալները տրվեր ՊԵԿ համապատասխան ծառայություններին, ապա այդ 5 տնտեսվարողների մասով կառաջադրվեր 358 միլիոն դրամի տուգանք:
Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում խոստացած կաշառքի գումարի մի մասի փոխանցումից րոպեներ անց հանցավոր գործարքի կողմերն ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել: Գործն ուղարկվել է դատարան: