Այսպիսի ջերմ ընդունելության են արժանանում Չրի տան հյուրերը: Շինարարական աղբավայրը քրտնաջան աշխատանքից վերածվել է ագրոզբոսաշրջային գողտրիկ անկյունի։ Հովհաննիսյանների ընտանիքում երեխաների որակյալ կրթությունը առաջնային է։ Երեքն էլ ավարտել են Ագրարային համալսարանը, ուսումը շարունակել արտասահմանյան ԲՈՒՀ-երում, ապա վերադարձել, փորձն ու գիտելիքները ներդրել սեփական բիզնեսում:
Ծովիկ Օհանյան (ԲՅՈՒՐ- ԱԿՆ գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ) - Սկսել են 2015-2016 թթ․՝ չրի մի փոքրիկ արտադրամասով, որի նախագիծն արել է տղաս՝ Պողոսը: Այն ամբողջությամբ իր մոդելով նորարարություն է, որտեղ չրի պատրաստման համար օգտագործվում են օբսիդյան քարեր:
Արտադրամասում էլեկտրական չորանոց կա, սակայն արտադրությունը կազմակերպում են արևային էներգետիկ համակարգով։
Պողոս Հովհաննիսյան (Չրի տան համահիմնադիր) - Սա արևային չրանոցն է, և փորձում ենք մաքսիմալ օգտագործել արևի էներգիան
Հաջորդ քայլը ելակի ջերմատուն հիմնելն էր: Ավստրիական զարգացման գործակալության ծրագրով արտադրանքը համապատասխանեցրել են օրգանական արտադրության ստանդարտներին։
Թերմինե Մուրադյան (ԲՅՈՒՐ- ԱԿՆ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ) - Սա մեր երկրորդ փուլի առաջին բերքն է, որը տեսեք՝ ինչպիսի տեսք ունի՝ համեղ ու սիրուն:
Համայնքում մրգի մթերման խնդիրը լուծելու համար Հովհաննիսյանները համագյուղացիներին համախմբեցին գյուղատնտեսական կոոպերատիվի ստեղծման գաղափարի շուրջ, սեզոնին ներգրավվում է երեք տասնյակից ավելի կին:
Ծովիկ Օհանյան - Միրգը մենք վերցնում ենք մեր հարևաններից, մեր համագյուղացիներից, կողքի համայնքներից: Վերցնում ենք ցանկացած քանակի միրգ՝ սկսած 1 կգ-ից մինչև 100 կգ։
Համաճարակի օրերին էլ աշխատավոր ընտանիքում նոր գաղափարներ էին ծնվում: Նախկին անասնագոմը վերածեցին կախասնկի արտադրամասի։
Պողոս Հովհաննիսյան - Պանդեմիայի պայմաններում, տաղավարը չի աշխատում, չես կարող մարդ ընդունել, չրի վաճառքը համարյա 90 տոկոսով նվազել է։
Ժամանակի ընթացքում Չրի տունը դարձավ Բյուրական ժամանած զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը, ինչն էլ նոր գաղափարի սկիզբ դարձավ։
Ծովիկ Օհանյան - Ունենալ տաղավար տուրիստների ընդունելության համար: Գրեթե հինգ տարվա մեջ ահագին կարողացել ենք զարգացնել, փոքրիկ արտադրամասից դարձել ենք ագրոտուրիզմի համար նախատեսված կառույց։
Տիկին Ծովիկն ուրախությամբ նշում է՝ շատ են այցելում նաև մեր հայրենակիցները: Նրանք այստեղ տարաբնույթ միջոցառումներ են անցկացնում՝ վերջին զանգի երեկույթից, մինչև հարսանիք։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան