Անոմալ շոգերն ու տեղումների սակավությունը հանգեցրել են նրան, որ հանրապետության ջրավազանային կառավարման տարածքներում խնդիրներ են առաջացել: Հատկապես պատկերը վատ է Քասախ, Հրազդան, Ազատ Ախուրյան գետերի ավազաններում: Կառավարությունում երեկ քննարկվել է նույնիսկ Սևանից ջրառի հարցը: Ջրային կոմիտեն կհաշվարկի ջրի պակասը՝ ելնելով ջրօգտագործողների պահանջից, բայց Սևանի մակարդակը հունիսի 8-ից հետո հիդրոօդերևութաբանական գործոններով պայմանավորված այնպես էլ իջնում է, հիշեցնում են մասնագետները:
Լևոն Ազիզյան (Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - էստեղ նժարի մի կողմում Սևանա լճի պահպանությունն է, որը մի քիչ չափազանցված ասեմ՝ Հայաստանի սրբությունն է, իսկ մյուս նժարին տնտեսությունն է, որ պետք է ապահովենք. որպեսզի մեր գյուղատնտեսության վիճակը չվատանա:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում չոռոգվող տարածքներում բարձր ջերմային ֆոնն ու տեղումների սակավությունը գյուղատնտեսության վրա իրենց բացասական ազդեցությունն են թողնում: Այս տարվա հունիսն ավելի շոգ է եղել, քան անցած տարիների հուլիսը: Հունիսի վերջին Արարատյան դաշտում մինչև 41 աստիճան տաքություն է գրանցվել: Սա գերազանցել է նույնիսկ 1998 թվականին գրանցված պատմական ռեկորդը:
Գագիկ Սուրենյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Ստացվեց, որ այս տարվա հունիսը օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը:
Գիտնականներն անոմալ շոգերը Խաղաղ օվկիանոսի՝ Բրազիլիայի և Արգենտինայի ափամերձ հատվածների տաք և սառը հոսանքների բալանսի խախտումով են պայմանավորում:
Տաք հոսանքների ներթափանցմանը զուգահեռ Հայաստանում նաև տեղումների թիվն է հունիսին աննախադեպ քիչ եղել: Հյուսիսային շրջաններում տեղումների ամսական նորմայի ընդամենը 30-40 տոկոսն է թափվել, հատվածներ կան, որ կարելի է ասել՝ հունսին ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:
Մասնագետները դիմում են բնակչությանը՝ զգուշացնում, հորդորում պահպանել հրդեհանվտանգության կանոնները: Մասնավորապես, Արարատյան դաշտն ու նրա նախալեռնային գոտին, Վայոց ձորն ու նրա նախալեռնային գոտին, Սյունիքի հովտային գոտին ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակում են: Մի փոքր անզգուշությունը նույնիսկ կարող է հրդեհի բռնկման պատճառ դառնալ: