Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այս տարվա հունիսն օդերևութաբանության պատմության մեջ դարձավ միջին ջերմաստիճանով, շոգերի տևողությամբ և ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը»,- ասաց Սուրենյանը:
Սուրենյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում շրջաններ կան՝ Մասրիկ, Արտաշատ, Ուրցաձոր, Երևանի որոշ հատվածներ, որտեղ հունիսի ընթացքում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:
«Իսկ հյուսիսային շրջաններում թափվել է տեղումների ամսական նորմայի ընդամենը 30-40 տոկոսը»,- հավելեց Սուրենյանը: