Ֆան Յոն (Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Սրտի ցավով ենք սպասում հայ գերիների վերադարձին:
Ադրբեջանում անօրինականորեն պահվող հայ գերիների վերադարձի մասին խոսում են ոչ միայն Արևմուտքում: Հայաստանում Չինաստանի դեսպանի խոսքով՝ Պեկինը ուշադրությամբ հետևում է հայ գերիների մասին տեղեկությանը, պատրաստ են անել իրենցից կախված ամեն ինչ, որ խնդիրը լուծվի։
Դեսպան Ֆան Յոնը նաև հերքում է ադրբեջանական մամուլում նախորդ օրը տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանում իրենց դեսպան Գո Մինը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» լրացուցիչ խթան կլինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար։
Ֆան Յոն - Այդ տեղեկությունը մենք քննարկել ենք Ադրբեջանում Չինաստանի դեսպանի հետ. նման միտք չինական կողմը չի հայտնել։
Դեսպան Յոնը շեշտեց՝ Պեկինը կգործադրի անհրաժեշտ բոլոր քայլերը Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հայ-չինական օրակարգը, այսքանով, բնականաբար չի սահմանափակվում:
Երկկողմ հարաբերություններում շատ են հնարավորությունները, բայց շոշափելի արդյունքները դեռ բավարար չեն: Չինագետ Մհեր Սահակյանը նկատում է՝ Հայաստանը առայժմ միայն խոսել է «1 գոտի-1 ճանապարհ» նախագծին միանալու մասին, բայց դեռ չկան համատեղ ծրագրեր, որոնք ներդրումներ կբերեն մեր երկիր:
Մհեր Սահակյան («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն) - Մինչդեռ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում արդեն մի քանի միլիոնի ներդրումներ արվել են, ու պատրաստ են Հայաստանում էլ 1 տրիլիոն դոլար ծախսել:
Չինաստանում հայկական ապրանքները պահանջված են՝ հատկապես կոնյակը, գինին, մեղրը. սա ամենը չէ: Հայաստանում Չինաստանի դեսպանն է վստահեցնում, ասում՝ մեծ ներուժ կա նաև տուրիզմի ոլորտում:
Ֆան Յոն - Հիմա աշխատում ենք ավելի շատ չին զբոսաշրջիկներ Հայաստան բերելու ուղղությամբ, ինչպես նաև պայմաններ ենք ստեղծում, որ հայ գործարարներն այցելեն Չինաստան:
Հայ-չինական տեխնոլոգիական համալսարան ունենալը ևս երկկողմ հարաբերությունների պլաններում է՝ ասում է չինագետը, իսկ այս և նման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ է, որ նախևառաջ Հայաստանը ակտիվորեն ներգրավվի Մետաքսի թվային ճանապարհ նախագծի մեջ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան